«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». կայացավ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան
Նախօրեին «Կինոմոսկվա»-ում կայացավ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Ռեժիսոր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի ֆիլմը Ամանորի հրաշքի ու երազանքի մասին է, որը հանդիսատեսին հիշեցնում է՝ երբեք մի դադարեք երազել…
«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք։ Մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում հավատում է հրաշքին, իսկ հրաշքի համար ամենալավ ժամանակը Նոր տարին է։ Չպետք է դադարենք հավատալ հրաշքին», - ֆիլմի պրեմիերայից հետո լրագրողներին ասաց ռեժիսոր Ելենա Արշակյանը։
Անահիտ Մխիթարյանը շարունակեց. «Այս ֆիլմն ամբողջությամբ երազանքի մասին է։ Մենք ուզում ենք, որ մարդիկ երբեք չդադարեն երազել։ Այս ֆիլմը միայն երազանքի մասին է ու բոլորիս երազանքի։
Ֆիլմի միակ ուղերձն է՝ կարևորել անձնական երազանքը, բայց դրա հետ միասին տեսնել ու հաստատ իմանալ, թե որն է ամենակարևոր երազանքը, որովհետև կան մանր ու մեծ երազանքներ: Ուզում եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր կգան ֆիլմը դիտելու, երբեք չդադարեն երազել, կասկած չունենան՝ անհնարին ոչինչ չի լինում»:
Ֆիլմում նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանը, Լիանա Վանոյանը, Լիա Զախարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գրետա Մեջլումյաը, Անահիտ Մխիթարյանը, Զառա Սահակյանը, Վիկա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը, Արսեն Լևոնյանը և ուրիշներ:
«Երբ իմացա, որ նման ֆիլմի առաջարկ կա, առանց մտածելու համաձայնեցի, որովհետև Ելենա Արշակյանի ֆիլմերը միշտ իմաստ ունեն»,- ասաց ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Եվային մարմնավորող Վիկտորյա Շամիրյանը:
Դերասանուհին ֆիլմից հետո հասկացել է՝ եթե հավատաս ու պայքարես երազանքիդ իրականացման համար, ամեն բան կստացվի. «Եթե ուղղակի նստենք ու երազենք, ոչինչ չի ստացվելու։
Իրականում 6 տարի առաջ, երբ այս ասպարեզում դեռ չկայի, երազում էի այս ոլորտում գտնել ինձ, որովհետև ես մանկուց երազել եմ դառնալ դերասանուհի: 6 տարի առաջ, երբ առաջին անգամ Ելենան ինձ հրավիրեց սերիալում նկարահանվելու, շատ էի ուրախացել ու հասկացել էի՝ երազանքը մի բան է, որը պարտադիր կատարվելու է»։
Վիկան նշեց, որ այս ֆիլմից հետո երազանքները փոխվել են. «Երազանքներս ավելի մեծացան։ Արդեն հասկացա, իրոք, կա նման բան՝ եթե պայքարես, ստացվելու է։ Ավելի շատ գնացի դեպի երազանքի կողմը, քան նպատակի»։
Ֆիլմում հերոսուհին երազում է դերասանուհի դառնալու մասին, և ամեն գնով փորձում հասնել իր երազանքին: Սակայն...
«Մի գաղտնիք բացեմ. երբ ֆիլմի վրա աշխատում էինք, մենք չէինք դիտարկել ամբողջ Արցախը, այլ միայն Շուշին։ Հետո, ցավոք, փոխվեց ամեն ինչ»,- նշեց Ելենա Արշակյանը:
Ֆիլմի ռեժիսորի կարծիքով, հայկական կինոինդուստրիայում նմանատիպ ֆիլմի բաց կար։
Ֆիլմի նկարահանումների աշխարհագրությունը ընդարձակ է. նկարահանումներ են իրականացվել Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, ներկայացվում է տեղի կոլորիտը, բարբառը, հումորները: Հատկանշական է, որ ֆիլմում ընդգրկված դերասանները ներկայացնում են հենց իրենց ծննդավայր մարզը:
Ֆիլմը դիտելուց հետո դերասանուհի Մարջան Ավետիսյանն ափսոսանք հայտնեց, որ ինքը չի նկարահանվել այս ֆիլմում։
«Հաճելի էմոցիաներ ունեմ, բայց ցավոտ։ Ֆիլմն իր մեջ կարևոր մեսիջներ է պարունակում, որը հատկապես նոր սերնդին շատ անհրաժեշտ է։ Ուրախ եմ, որ Ելանա Արշակյանը համարձակություն է ունեցել անելու նման ֆիլմ, ցուցադրելու կադրեր մեր սրբավայրից, որի անունն է Արցախ»,- ասաց Մարջան Ավետիսյանը։
Ֆիլմի մասին.
Եվան երազում է նկարահանվել ֆիլմում: Արդեն մի քանի անգամ մասնակցել է տարբեր քասթինգների, բայց ոչ մի անգամ հաջողության չի հասել: Կա ընդամենը մի քանի ամիս երազանքին հասնելու համար:
Շատ պատահական, բայց նաև ճիշտ ժամանակին Եվան նկուղում գտնում է տոնածառի խաղալիքների մի տուփ, որի մեջ յոթ խաղալիքների համար նախատեսված հատվածներ կան, բայց ընդամենը մի խաղալիք: Եվան իմանում է նաև, որ եթե գտնի մնացած վեցը, իր երազանքը կիրականանա: Տոնածառի խաղալիքները գտնելու համար Եվան ու Եվայի ընկերը շրջում են Հայաստանի շրջաններով, ծանոթանում նոր մարդկանց հետ, ու բոլորին վարակում Եվայի երազանքով:
Այն պահին, երբ գրեթե ամեն ինչ վերջացած է ու շուտով վերջին խաղալիքը պիտի հայտնվի կախարդական տուփի մեջ, պարզվում է որ 7-րդ խաղալիքը մնացել է մի վայրում, որտեղ, ցավոք, անհնար է գնալ:
Առաջին անգամ Եվան սկսում է ուրիշ կերպ նայել իր երազանքին, հասկանալով, որ ավելի կարևոր երազանքներ կան աշխարհում ու դրանց իրականացման համար պետք է անել ավելին:
Ու այստեղ օգնության է գալիս հրաշքը, ու ևս մեկ անգամ ապացուցում, որ հավատը ամենուժեղ զենքն է:
Իսկ Եվան արդեն ուրիշ երազանք ունի:
Եվան հասկանում է, որ երջանիկ կարող է լինել միայն երջանիկ հայրենիքում ու որ հրաշքը, ոչ թե պիտի նկարահանման հրապարակ տանի, այլ տուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան