Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին ելույթում սուր քննադատություն է հայտնել հյուրընկալող երկրի հասցեին, գրում է Deutsche Welle-ն։
Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը նա անհանգստացնող է որակել, իսկ ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը՝ խիստ մտահոգիչ։
Գերմանիայի ԱԳ նախարարըմասնավորապես նշել է իշխանությունների քննադատ տնային կալանքի տակ գտնվող Գուբադ Իբադօղլուի մուտքի արգելքը։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի 53-ամյա պրոֆեսորը, որ ուսումնասիրում է Ադրբեջանի նավթագազային հատվածը և բնապահպանական խնդիրները, ձերբակալվել է իր հայրենիքում 2023 թվականի ամռանը խարդախության մեղադրանքով։
Գերմանացի պաշտոնյան բացարձակ անընդունելի է համարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորների Ադրբեջան մուտքի արգելքը։
«Արգելքը տարածվում է նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորների վրա։ Դա անհամատեղելի է ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է նախարարը։
Նա ընդգծել է կլիմայի փոփոխության այս համաժողովի կարևորությունը՝ անդրադառնալով նաև մարդու իրավունքների իրավիճակին:
Միաժամանակ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գագաթնաժողովը պետք է տա իր արդյունքները կլիմայի ճգնաժամի դեմ պայքարում, որը նա որակել է մեր ժամանակի անվտանգության քաղաքականության ամենամեծ խնդիրը։
Անալենա Բերբոքն ընդգծել է, որ Բեռլինն ընդունում է կլիմայի ֆինանսավորման պատասխանատվությունը՝ կոչ անելով մյուս երկրներին ևս կիսել այն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան