Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ,
Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։
Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,-հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նշենք, որ Factor TV-ն բանավեճի է հրավիրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանին։
«Եթե նրանք ընդունեն հրավերը, բանավեճը ուղիղ եթերում կկայանա նոյեմբերի 27-ին։ Բանավեճի ընթացքում նախատեսում ենք քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը և մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ հարցեր։ Հաղորդումը կտևի 1 ժամ և կհեռարձակվի ուղիղ եթերում։
Պատրաստ ենք ապահովել հավասար պայմաններ։ Հետագայում կտեղեկացնենք, թե կողմերից ինչ պատասխաններ ենք ստացել։ Հույս ունենք, որ պարոն Ավինյանը և պարոն Մարությանը կընդունեն մեր հրավերը, և կբանավիճեն տրանսպորտային համակարգի ընթացիկ և սպասվող փոփոխությունների կարևոր թեմայով»,-հայտարարել էին լրատվամիջոցից։
Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանն արձագանքել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կմասնակցի այդ բանավեճին,«ինչպես նշել եք հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով, միակ խնդիրը ձեր կողմից նշված օրն է, քանի որ նշված ժանանակահատվածում քաղաքապետը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է լինելու։ Եթե կկարողանաք նկարահանումը իրականացնել դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, ապա ոչ մի խնդիր»։
Ավելի ուշ Factor TV-ից հայտնեցին, որ բանավեճը կկայանա դեկտեմբերի 18-ին ժամը 17։00-ին։ Հաղորդումը կտևի նվազագույնը 1 ժամ և կհեռարձակվի ուղիղ եթերում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին