«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Չնայած Զեյնալյանի հրաժարականի դիմումը դեռ չի հաստատվել` նա 15 օրում կարող է այն հետ վերցնել, սակայն այս օրերին ՔՊ-ում արդեն բուռն քննարկումներ են ընթանում, թե ում է բաժին հասնելու այդ բաղձալի պաշտոնը` ծառայողական մեքենայով, աշխատավարձի հավելումով հանդերձ։ ՔՊ-ում կատակում են, որ հանուն արդարության Փաշինյանն այդ պաշտոնում պետք է նշանակի Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, որը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալն է և ամենածանրն է տանում Զեյնալյանի հեռանալը, անգամ լուրեր էին պտտվում, թե կարող է մանդատը դնել։ Բայց դա անհավանական է, քանի որ նախկին հաղորդավարն այժմ բացառիկ շանս ունի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալու կամ ինչ-որ ժամանակ այդ պարտականությունները կատարելու։
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի. «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում ՔՊ-ական «սաստավը», կարելի է ասել, ամենաանորակն է, կազմում են Լուլուն, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը և բարձրագույնի դիպլոմ չունեցող, նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։ Իհարկե, օրենքը չի պարտադրում, որ հենց կազմից պետք է նախագահը լինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: