Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները․ հեղինակային էսքիզներ, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում։
1963 թվականին Գրիգոր Խանջյանի կողմից նկարազարդվել է Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը. 9 գրաֆիկական գծանկարներում նկարիչը պատկերել է պոեմի գլխավոր հերոսի՝ Կոմիտասի կյանքի հիմնական հանգրվանները։ Գծանկարներում պատկերված են գյուղացիների հողագործական աշխատանքները, հանգիստն ու զվարճանքը, համերգասրահները, Արարատյան դաշտի բնապատկերը... Լեռնոտ հովիտները ցույց են տալիս հայրենի հողի ընդհանրացված պատկերը, հզոր գյուղացիները ներկայացնում են հողի հետ աշխատողների կապը, իսկ գյուղացի տարեց կինը ընդհանրացնում է Մայր Երկրի, Մայր Հայրենիքի գաղափարը: Խանջյանի Կոմիտասը հայոց հողի ծնած և հողով կերտված հանճարի կերպարի վառ մարմնացումն է։
«Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները համալրված են տիֆլոմեկնաբանություններով՝ ձայնային ուղղորդիչով, որը մանրամասն նկարագրում է նկարը, ինչպես նաև ընթերցվում է Պարույր Սևակի պոեմի այն հատվածը, որը պատկերված է նկարում: Տիֆլոմեկնաբան՝ Արման Նավասարդյան։
Տիֆլոմեկնաբանությունները ձևավորվում են համապատասխան երաժշտությամբ. նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, ով, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև՝ որպես «Խոսող կտավներ» նախագծի գլխավոր փորձագետ։ Նախագծի հեղինակը և պրոդյուսերը «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ Էռնա Ռևազովան է։
Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 29-ին կկայանա շոշափելի պատկերազարդումների ցուցահանդես-շնորհանդես. ցուցահանդեսին կներկայացվեն նաև ՀԱՊ-ի ժողովածուից Գրիգոր Խանջյանի Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների հեղինակային էսքիզները։
Նախագծի շրջանակներում ստեղծված շոշափելի կտավները կնվիրաբերվեն Հայաստանի ազգային պատկերասրահին և Զանգակատունում գտնվող Պարույր Սևակի տուն-թանգարանին։
2024 թվականին նշվում է նաեւ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի գլխավոր հերոսի՝ Կոմիտասի ծննդյան 155-ամյակը։
Նախագծի գործընկերն է Հայաստանի ազգային պատկերասրահը, «Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացրել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին