Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
«Դեպքի վայրի զննությամբ տուժողի բնակարանում հայտնաբերվել էր արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդ։
Նախաքննության ընթացքում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ ստացվել են տվյալներ: Պարզվել է, որ վերջինս գտնվում է ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ուր, քննչական գործողություններ կատարելու նպատակով, տեղափոխվել է սառը զենք կրելու կասկածանքով:
Առարկայի ճանաչում քննչական գործողության արդյունքում բնակարանային գողության վերոնշյալ վարույթով տուժողին ճանաչման է ներկայացվել սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալված անձի մոտ հայտնաբերված դանակը, որը բնակարանի սեփականատերը ճանաչել է:
Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձից ստացվել է գենետիկական նմուշ, որը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ծխախոտի մնացորդի հետ միասին, ուղարկվել է դատագենետիկական փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն՝ ծխուկից նմուշառված կենսաբանական ծագման հետքից անջատված արական սեռի գենետիկական բնութագիրը համընկնում է ձերբակալված անձին բնորոշ գենետիկական բնութագրին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք:
Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է»,- հայտնում են ՔԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին