Կրթություն, գիտություն 14:32 23/11/2024 Հայաստան

Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան

«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը»,-գրում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն ու մանրամասնում,

«Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխաների շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները գնահատելու համար։ Ընտրվում են միջին բարդության տեքստեր։

2022-ի և 2023-ի արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորը աճել է շուրջ 10 տոկոսով, եթե 2022-ին այն եղել է 53.5%, ապա 2023-ին՝ 63,8%, ինչը նշանակում է, որ երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են։ Ընդ որում, երեխաների կեսից ավելին գրանցել է 64.3%-ից բարձր արդյունք՝ այսինքն ճիշտ է պատասխանել իրենց կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։

Շատ կարևոր է, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022-ի 47 տոկոսի համեմատ 2023-ին իջել է շուրջ 20 տոկոսով՝ դառնալով 28 տոկոս։ Ընդ որում, ընտրանքում նաև Տավուշի դպրոցներն են, որտեղ 2023-ին չորրորդ դասարանցիներն արդեն իսկ անցնում էին նոր չափորոշիչներով և որտեղ ցուցանիշները մյուս դպրոցներից ավելի դրական են։

Շատ կարևոր եմ համարում, որ 4-րդ դասարանցիների համար գիտահանրամատչելի տեքստերը գեղարվեստական տեքստերի համեմատ դժվար հասանելի չեն: Կարևոր է նաև, որ երեխաները չեն դժվարանում սեփական միտքը ձևակերպել, որովհետև համադրելի արդյունքներ են գրանցել թե կարճ պատասխաններ ենթադրող հարցերի համար, թե ընտրովի պատասխաններով հարցերի դեպքում։

Հաշվետվությունը հասանելի է Կրթության տեսչական մարմնի կայքում՝ եռամսյակային հաշվետվության շրջանակներում, ամբողջությամբ կհրապարակվի 2024-ի տարեկան հաշվետվության հետ։

Ի դեպ նշեմ, որ վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը և նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարաններում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}