«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից՝ իրեն վարկաբեկելու և որպես կոռուպցիոներ դիտարկելու համար։ Բանն այն է, որ դեռ հոկտեմբեր ամսին լրագրողները Անդրանիկ Քոչարյանին հարցրել էին՝ հնարավո՞ր է, որ որոշ ՔՊ-ականներ իրենից դժգոհություններ ունեն, ինչպես, օրինակ, Հրաչյա Հակոբյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Սիսակ Գաբրիելյանը։ Քոչարյանը պնդել էր, որ տեղյակ չէ, բայց կոնկրետ միջադեպ հիշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ կապված, երբ դիմել էր նրան «Արագած» ռազմարդյունաբերության գործարանի հոսքագծերի վերաբերյալ խնդրով, սակայն, ինչպես հետո պարզվել է, խնդիրը Փամբուխչյանը չի լուծել։
Անդրանիկ Քոչարյանը շարունակել էր նաև. «Մեկ էլ կարդացել եմ իր մասին «Հետք»-ում գրված հոդվածը՝ կապված «Սպայկայի» 1,5 մլրդ դրամ վարկավորման հետ»։ Հարցին՝ այսինքն Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ չեն կարող հայտարարել մի բան, քանի դեռ քննություն չկա. «Բայց ինձ մտահոգում է «Սպայկայի» հետ առնչվող պատմությունները» հրապարակավ ասել էր Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։
Փամբուխչյանը այս նպատակով նաև 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել բանկից և 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ նվեր։ Բացի այս պատմությունից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների մոտ վստահ պնդել է, թե Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուց՝ Դավիթ Սեդրակյանից, ավտոմեքենա է նվեր ստացել, թաքցրել հանրությունից, իր թիմից: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցադրումներով դիմել էր Արմեն Փամբուխչյանին՝ պարզելու, թե որքանով են իրական այս տեղեկությունները, և պատրաստվում է արդյոք Արմեն Փամբուխչյանը աշխատանքից ազատման դիմում գրել և հրաժարվել Երևանի ավագանու իր մանդատից. սակայն Փամբուխչյանը, մեր այս հարցերին ի պատասխան, նշեց, որ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկացնենք, որ Արմեն Փամբուխչյանը 2021 թվականին գնել է LEXUS մակնիշի մեքենա, իսկ ահա փոխքաղաքապետի կինը տարվա ընթացքում մեքենաներ է գնել և վաճառել։
Մասնավորապես, կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, ով աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, 2023 թվականին գնել է NISSAN մակնիշի մեքենա 4 մլն 463 հազար դրամ արժողությամբ և LEXUS մակնիշի մեքենա՝ 10 մլն 600 հազար դրամ արժողությամբ։ Երկրորդ գնումն իրականցվել է 7 ամիս ընդմիջումից հետո։ Նույն թվականին փոխքաղաքապետի կինը վաճառել է NISSAN մակնիշի մեքենան 1 մլն դրամ ավելի թանկ արժեքեվ՝ 5 մլն 432 հազար դրամով։ Հիմա մեր գործընկերները Փամբուխչյանի կնոջը տեսնում են Jeep-ով աշխատանքի գնալիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
- «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
- «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
- «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան