Ուժի մեջ են մտել ինքնագլորներով երթևեկության կանոնները
Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները:
ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է.
. անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։ Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, դրանց բացակայության դեպքում` նաև օրենքով սահմանված այլ վայրերում: Մինչև 18 տարեկան (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող) անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից:
. Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։ Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Վերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թ. սեպտեմբերի 1-ից։
. Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ): Ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների կամ մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
. Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
.Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Օրենսդրական կարգավորումների հիմնական նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է»,- մանրամասնում են ՆԳՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ինքնագլոր վարելու կարգերը խախտելու դեպքում տուգանքներ կսահմանվեն
- Ովքե՞ր և որտե՞ղ կարող են վարել ինքնագլորները. Նոր փոփոխություններ
- Կառավարությունը որոշեց սահմանափակել ինքնագլորներով երթևեկելը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան