Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները ներկայացնելուց հետո՝ ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Ըստ նրա, առաջին հերթին հայտարարագրում կեղծ տվյալներ մուտքագրելը կամ տվյալներ թաքցնելը, որոնք պետք է տեղ գտնեին հայտարարագրում, բայց տեղ չեն գտել. «Ընդ որում, եթե դա հանգեցնում է խոշոր չափերի տվյալներ չհայտարարագրելուն, Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասով ենթակա արարք է, ծանր հանցագործությունների շարքին է դասվում։ Խոշոր չափն էլ, ըստ օրենքի, 1 միլիոն դրամը գերազանցող գումարն է, իսկ մենք հաստակցել ենք, որ խոսքը միլիոնավոր դրամների մասին է։ Հետևաբար, այս հանցակազմն աներկբա առկա է։ Ակնհայտ է, որ ներկայացված հայտարարագրում և կեղծ տվյալներ էին մուտքագրված, և հայտարարագրմանը ենթակա տվյալներ էին թաքցված»։
Նա նշեց, որ ֆինանսների նախարարի արարքում կարող է լինել նաև փողերի լվացման հանցակազմի հատկանիշներ. «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի փոխակերպում է իրականացվել՝ կոնվերտացում, որի նպատակն է եղել թաքցնել այդ գույքի իրական ծագումը, տեղաշարժը, իրավունքները, պարտականությունները։ Եթե փողերի լվացումը կատարում է իշխանական լիազորություններով օժտված անձը, առանձնապես ծանր հանցագործության շարքին է դասվում, 6-12 տարի ազատազրկում է սպառնում այդ հանցագործության համար»։
Փաստաբանի խոսքով, նախարար Վահե Հովհաննիսյանի գործողություններում կարող է նաև ապօրինի հարստացման հանցակազմի հատկանիշներ լինել. «Հայտարարագրում նրա արտացոլած տվյալները պետք է հիմնավորվեն նրա օրինական եկամուտներով։ Եթե չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, էականորեն գերազանցում են այդ տվյալները նրա օրինական եկամուտներից, գործ ունենք ապօրինի հարստացման հանցակազմի հետ»։
«Առնվազն այս երեք հանցագործությունների մասով, ըստ էության, մեր պատկան մարմինները պետք է իրականացնեն քննություն՝ պարզելու համար այս հանցակազմերի հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը։ Համենայնդեպս, հրապարակված տվյալները խոսում են այն մասին, որ գոնե այս երեք հանցակազմերն առկա են»,- ասաց Ա.Ֆանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա