Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրոյի չափով վարկ։
ՍԴ ընթացող նիստում առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Լենա Նանուշյանը, ներկայացնելով վարկային ծրագիրը, նշեց՝ դրա նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակն ու իրագործումը, բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունը, նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները, սրանք իրենց հերթին նպաստելու են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։
Նանուշյանն ասաց՝ վարկի գումարը բանկը տրամադրելու է մաս-մաս, սահմանված ցուցանիշների ու արդյունքների հիման վրա։
«Սույն գումարն ուղղվելու է առողջապահության բյուջե, որպեսզի կարողանանք ապահովել բյուջեի շրջանակներում այն բոլոր միջամտությունների ու միջոցառումների իրականացումը, որոնք նախատեսված են պարտադիր ապահովագրության ներդրման համար»,-ի պատասխան ՍԴ դատավոր Է. Շաթիրյանի հարցի, ասաց Նանուշյանը։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց՝ իր հարցերը շատ են։
Օրինակ, ինչպե՞ս է հարաբերակցվում այս ծրագիրը պարտադիր առողջապահության ապահովագրման համակարգի հետ, այս ծրագիրը նախապատրաստակա՞ն է այդ ծրագիրը ներդնելու համար, թե՞ վարկային ծրագիրն արդեն իսկ պարտադիր ապահովագրության ծրագրի համաֆինանսավոման համար է։
«Առաջին տարվա՝ 2025-ի ընթացքում ծրագիրը համարվելու է աշխատանքների նախապատրաստական մասը, ինչպես նշեցի, որոշ դեղորայքի մասով սոցիալապես անապահով խավի համար սկսելու ենք փոխհատուցում տրամադրել։ Հետագա տարիներին ապահովագրության համակարգի ներդրման ընթացքում այն համարվելու է բյուջեի մաս»,-արձագանքեց Նանուշյանը։
«Ինչպես գիտենք, 2025-ին այդ համակարգը չի ներդրվելու է։ Բայց ասում եք, փոխհատուցումներ են արվելու։ Այսինքն, կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ»,-ասաց Հ. Թովմասյանը։
Նանուշյանը կրկին պատմեց, որ առողջության պահպանաման առաջնային օղակում դեղորայքի մի փոքր փաթեթի համար փոխհատուցում են նախատեսում։
«Դուք Ձեր ներկայացրած տեղեկանքում նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա։ Հիմա այս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված։ Օրենքով պետք է նախատեսվեր, թե դուք որտեղ ինչքան եք ծասխելու՝ ի՞նչ փաթեթ է լինելու, ո՞ր խմբերին է պետությունը ֆինանսավորելու և այլն։ Եթե չեմ սխալվում, ստեղծված չէ նաև հիմնադրամը, որի միջոցով այդ ֆինանսավորումը պետք է կատարվեր»,-հարցրեց Թովմասյանը։
Անահիտ Ավանեսյանի տեղակալն ասաց՝ պարտավորություն են վերցրել իրականացնել որոշակի աշխատանքներ, դրանցից մեկի համաձայն էլ մինչ 2025 թվականի վերջը պետք է ունենան ընդունված օրենք ու ենթաօրենսդրական ակտեր։
«Դուք հիմա ասում եք՝ կընդունենք օրենք։ Իսկ եթե չընդունեցիք օրենք, կամ ընդունեցիք, ծախսերն այսպես չեղան, այդ գումարը ո՞նց եք ծախսելու»,-արձագանքեց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՍԴ նիստն ընդմիջվեց։ Այն կշարունակվի ժամը 13։30-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա