Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում մեծամասնության և կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։ Նախագահի թեկնածուին ներկայացրել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։ 2016-2020 թվականներին եղել է 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր «Վրացական երազանք — դեմոկրատական Վրաստան» նախընտրական դաշինքից (Թբիլիսի, Սանզոնա թաղամասի մեծամասնական), իսկ 2020 թվականից՝ 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր (Թբիլիսի, Նաձալադևի թաղամասի մեծամասնական): 2022 թվականին Միխեիլ Ղավելաշվիլին Սոզար Սուբարի և Դիմիտրի Խունդաձեի հետ լքեց «Վրացական երազանքը» և միացավ «Ժողովրդի ուժ» կուսակցությանը։ 2024 թվականի մարտի 20-ից «Ժողովրդի ուժ» կուսակցության քաղաքական քարտուղարն է։
Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող է։ 1988-1995 թվականներին եղել է Թբիլիսիի «Դինամոյի» խաղացող և երեք անգամ դարձել Վրաստանի չեմպիոն։ Տարբեր տարիներին նա խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են՝ «Մանչեսթեր Սիթին», «Գրասհոֆերը», «Ցյուրիխը», «Լյուցեռնը»։ Նա ստացել է շվեյցարական մարզչական կրթության C կարգի արտոնագիր և նաև ՈւԵՖԱ-ի մարզչական կրթության B կարգի արտոնագիր: 2009 թվականին նա դարձել է Վրաստանում Ֆուտբոլիստների համաշխարհային ասոցիացիայի (FIFPro) հիմնադիրն ու պատվավոր նախագահը։
Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան