Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում կազմակերպելու հարցով։
«Հարց է, հայկական կողմը խնդրե՞լ է։ Ներքին կարգով ասել են՝ դու խնդրի, ես այդպես կհայտարարեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այն կվարի Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է. «Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»։
«Չմոռանանք, կա միջազգային քրեական դատարանի օրդեր։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հնարավոր է, մասնակցի նաև ՌԴ նախագահը, որին կալանավորելու վտանգ կա։ Իհարկե, Հայաստանը չի կարող ՌԴ նախագահին կալանավորել, ուղղակի ՌԴ նախագահը չի ցանկանում խնդիրներ ունենալ։ Նաև հիշում եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուս չի գնալու, հետևաբար Բելառուսի նախագահն էլ Հայաստան չի գալու։ Իսկ եթե ԵԱՏՄ երկու երկիր՝ Բելառուսն ու Ռուսաստանը ցանկություն չունեն Հայաստան գալու, հետևաբար Հայաստանին կասեն՝ դու խնդրի։ Հայաստանն էլ կխնդրի, ինչ է եղել»,-ասաց քաղտեխնոլոգը։
Հարցին՝ թե ինչո՞ւ է նման խնդրանքով դիմել Հայաստանը Ռուսաստանին, կառավարությունից չպատասխանեցին՝ ուղղորդելով դեպի ԱԳ նախարարություն։ ԱԳՆ խոսնակը տևական ժամանակ չի արձագանքում զանգերին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան