Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում»-Panorama.am-ի հարցմանը, թե ինչո՞ւ է հայկական կողմն առաջարկել ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, ի պատասխան հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով, համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում:
«Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»,-նշեց խոսնակը։
ԵԱՏՄ կայքում մայիսի 8-ի նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ հաջորդ նիստի անցկացման տեղի մասին որոշում չկա։
Թե ինչու է նման որոշում ընդունվել, մնում է ենթադրել։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այն կվարի Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է. «Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
- Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»