Արփինե Սարգսյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ «բարեփոխումների» ուղղություններով
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։
«Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։
ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել՝ ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վասիլիս Մարագոսն իր հերթին նույնպես ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող ծրագրերին, համագործակցության հնարավոր ուղղություններին։
Հատուկ անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Նշված ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման կարևոր դերն ընդգծելով՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախանշված ճանապարհային քարտեզին և թիրախային միջոցառումներին։
Կողմերը կարևորել են այս ուղղությամբ երկկողմ համատեղ և կայուն ջանքերի ներդրումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԵՄ- կողմից բարեփոխված ոստիկանության կարմիր և սև բերատեվորները պարբերաբար ծեծի են ենթարկում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
- Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը