Այդպես էլ պարզ չէ՝ ինչ չափորոշիչներին չեն համապատասխանել Հայաստանի ուժեղագույն ըմբշամարտիկները
Երևանում նոյեմբերի 20-22-ն անցկացվել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները։ Սակայն Հայաստանն այս առաջնությանը չէր ներկայացել իր ուժեղագույն մարզիկներով, որոնք ժամկետային ծառայության մեջ են՝ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Մանվել Խնձրցյանը, Կնյազ Իբոյանը։ Այս մասին նախ բարձրաձայել էին հենց մարզիկները՝ միաժամանակ նշելով, որ չգիտեն պատճառը, թե ինչու չեն ընգրկվել Հայաստանի թիմում։
Panorama.am-ը գրավոր հարցեր ուղղեց պաշտպանության նախարարությանը՝ պարզելու՝ ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությանը մասնակցող մարզիկները, հայ ուժեղագույն մի քանի ըմբիշներ, որոնք այժմ ժամկետային ծառայության մեջ են, ո՞ր չափորոշիչներին չեն համապատասխանել, որի հետևանքով էլ չեն ընգրկվել Հայաստանի թիմում և ինչո՞ւ մարզիկներ տեղեկացված չեն չափորոշիչների մասին։
ՊՆ պատասխանում այդ հարցերի վերաբերյալ ընդամենը նշված է. «Ձեր կողմից բարձրացված հարցերի շուրջ սպառիչ պատասխաններ տրվել են զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսում ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կողմից՝ տարբեր ճեպազրույցներում»։
Ցավոք՝ գործի բերումով ստիպված ենք հետևել ճեպազրույցներին, որոնք իրենց, այո, սպառել են, բայց սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն տվել։
Կրկնենք «սպառիչները».
ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյան. «Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի Զինված ուժերը։
Հաշվի են առնվում երկու ասպեկտ՝ զինվորականներին ներկայացվող պահանջները, նրանց մարզական պահանջները։ Փորձել ենք ընտրել լավագույններին օրինականության շրջանակում։ Կա թույլատրելության և ուժեղության հարց։ Թիմի կազմը չի որոշել Ըմբշամարտի ֆեդերացիան։ Թիմի կազմն ընտրվել է կոլեկտիվ՝ պաշտպանության նախարարության մասնագետների և պաշտպանության նախարարության պատասխանտուների միջոցով»։
Սպառիչ չէ, չի պատասխանում մեր հարցերին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան. «Բանակայինների ըմբշամարտի առաջնությունն ունի հստակ կանոնակարգ, ընթացակարգեր, կանոններ։ Մեր թիմերը կազված են այդ կանոնակարգերի, կանոնների խստիվ պահպանմամբ։ Սա է պատճառը, որ այդ ըմբիշները ներառված չեն հավաքական կազմում»։
Սպառիչ չէ, հենց հարցը այդ կանոնների մասին էր։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյան. «Կազմի վերաբերյալ կասեմ, որ այն ընտրում է բանակը: Հավանաբար, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները որոշել են, որ սա է ուժեղագույն կազմը: Յուրաքանչյուր մրցաշար ունի հստակ կանոնակարգ, ինչին պետք է հետևել: Բանակայինների աշխարհի առաջնությունն էլ ունի իր օրենքներն ու ընթացակարգերը»։
Որն է այդ կանոնակարգը՝ չկա։
Թերևս այստեղ Գիլոյանը մի «նորություն» էր լեզվից թռցրել, որ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Մանվել Խնձրցյանը, Կնյազ Իբոյանը ուժեղագույնները չե՞ն։
Հարակից հրապարակումներ`
- Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
- Անդրանիկ Ավետիսյանը՝ ըմբշամարտի Զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
- Սարգիս Բեգոյանը դարձավ ըմբշամարտի բանակայինների Աշխարհի առաջնության փոխչեմպիոն
- Ըմբշամարտի ֆեդերացիա. Մեզ համար ևս մնում է անհասկանալի, որ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ
- Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
- Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը
- Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի Հայաստանի լավագույն ըմբիշները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան