Անջեյ Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցից հետո Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, հանդիպման ընթացքում լեհական կողմին բողոք է արտահայտվել, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հակառակ ադրբեջանական կողմի ծանուցման, Հայաստանում ԵՄ առաքելության կազմում այցելել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանամերձ շրջան, «Քարքի (Տիգրանաշեն-Panorama.am) գյուղի մերձակա տարածք, որը դեռ գտնվում է Հայաստանի օկուպացիայի տակ»։
Նշվել է, որ ԵՄ առաքելությունը, «հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորումը, լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։
Հիշեցնենք, որ Հայաստան այցելած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախօրեին Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ. մասնակցել է պարեկության։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
- Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ