ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա ներկայացրել է նաև ՍԴ որոշումը, որի մեջ նշված է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի հաղթահարել իրավաբանորեն հիմնավորված և Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքով»։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան էր դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։
«Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։
Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին»,- ավելի վաղ գրել էր Գեղամ Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
- Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
- Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
- Արցախցիների խնդրանքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ