Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է 24 մլն դրամի գողը. Նա կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:
2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 6-ին ժամը՝ 15:00-ից մինչև հունվարի 8-ը ժամը՝ 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող գրասենյակի տարածք և չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել, նախնական տվյալներով, 24.000.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և 12.000.000 ՀՀ դրամի արժողությամբ ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են վարութային և ապացուցողական մի շարք գործողություններ:
Մասնավորապես՝ դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ հասցեի պատուհանագոգից հայտնաբերվել են արնանման հետքեր, որի վերաբերյալ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:
Ճշգրիտ պլանավորված և իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն տարածքի բնակիչ է՝ 41 տարեկան:
Քննիչի որոշմամբ համեմատական գենետիկական փորձաքննություն նշանակելու նպատակով վերջինիցս ստացվել են արյան նմուշներ, որը, համաձայն փորձագետի եզրակացության, լիովին համընկնում է դեպքի վայրից հայտնաբերված նմուշի հետ և առաջացել են արական սեռի միևնույն անձից:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրա նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Մեղադրյալի անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: