«Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանից պատճառաբանում էին, թե Վրաստանն արգելում է ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք տարվում են ՌԴ: Թեև իրականում՝ ՌԴ-ով Ղազախստան: Եվ հիմա պարզվում է՝ նույն գործարքն արվում է առանց Հայաստանի: «Sputnik Վրաստան»-ը գրում է, որ վերջին 10 ամիսների ընթացքում Վրաստանը Ղրղզստանին վաճառել է 1,5 միլիարդ դոլարի ապրանք, որից 50 միլիոն դոլարը եղել է մեքենաների վաճառք։
Գաղտնիք չէ, որ Հայաստանից մեքենաների ներկրումը և արտահանումը 2021-2023 թվականներին բում ապրեց, ապա աստիճանաբար նվազեցին արտահանման ծավալները, սակայն ավելացան քրեական գործերի քանակը։ Պաշտոնապես բացատրվեց, թե Վրաստանը սահմանափակումներ դրեց Հայաստանի առաջ, որոնք պատճառ դարձան մեքենաների արտահանման և ներմուծման բումի անկմանը։
Հավելենք նաև, որ Հայաստանից արտահանման բարձր մակարդակը պայմանավորված էր Հարկային օրենսգրքի բացով, ըստ որի՝ տնտեսվարողը կամ անհատը արտահանումից հետո պետությունից կարող էր ստանալ ԱԱՀ-ի վերադարձ։ Այս բացից օգտվողների մեծ մասն այժմ դատարանների առաջ է կանգնած՝ պետությանը խոշոր չափի դրամական վնաս պատճառելու հանգամանքով։ Մոտավոր հաշվարկներով՝ մարդկանց օրինական հասանելիք ԱԱՀ-ի հետվերադարձը 80 մլրդ էր, բայց քրգործերի արդյունքում հավաքել են 10 միլիարդը: Բացի սրանից՝ պետությունը հարյուրավոր միլիարդների վնաս կրեց:
Հայաստանում արտահանման և ներկրման ցուցանիշները նվազեցին հետևյալ կերպ։ Օրինակ՝ 2021 թվականի նկատմամբ 2022-ին աճել էին ներմուծման ծավալները: 2021 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ներմուծվել էր 4410 մեքենա, իսկ 2022-ին՝ 24 367, որը 5.5 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:
2019 թվականին պատկերն ուսումնասիրելիս նկատում ենք, որ 2021, 2022 թվականներին 2019 թվականի հետ համեմատ մեքենաների ներմուծման քանակը նվազել է։
2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում, երբ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար գործում էին արտոնյալ մաքսատուրքեր, Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր թիվը 33 577 էր։ Նույն ժամանակահատվածում ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքը կազմել է շուրջ 45,4 մլրդ դրամ, իսկ վճարված մաքսատուրքի արժեքը՝ 3,5 մլրդ դրամ։
«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը 2024 թվականի գարնանը կանխատեսել էր, որ Հայաստանից ավտոմեքենաներ գնելը ռուսաստանցիների համար այլևս հետաքրքիր չի լինի, Հայաստանում էլ կնվազեն վաճառքի ծավալները։
Այդպես էլ եղավ, և վրացի իշխանությունների հետ երկօրյա խաշ-խորոված ուտող երիտիշխանավորները այդպես էլ չեն կարողանում լուծել հայ-վրացական հարաբերություններն այնպես, որ Վրաստանը նախընտրի ՀՀ-ի հետ մեծացնել առևտրաշրջանառությունը, այլ ոչ՝ Ղազախստանի, ինչպես պատահեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու
- «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը
- «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո
- «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը
- «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին