Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով. ԿԳՄՍ փոխնախարար
«Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Ըստ նրա, առաջարկված նախագծով կունենան մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին՝ որակյալ ձայնագրություններով և ճշգրիտ կատարումներով։
«Ամբողջ տեքստը մնացել է, տեղափոխություն է տեղի ունեցել։
Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական զարգացում կատարվի։
Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, այժմյան երկրորդ տնով՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին և վերջապես վերջացնում ենք ուղերձով՝ «Թող միշտ պանծա Հայաստան», որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,- մանրամասնեց փոխնախարարը։
Դիտարկմանը, որ դրանով խախտվում է Միքայել Նալբանդյանի հեղինակային իրավունքը, Դ.Դանիելյանն ասաց. «Դուք երևի թե չգիտեք պատմությունը, Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացու աղջկա երգը», որն ընդհանրապես ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է եղել: Իսկ հիմա մենք խոսում ենք պետական օրհներգի մասին»: