Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։
«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ և ինչպես է ուզում անել իր անվտանգությունն ապահովելու համար։ Կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև այսօր առկա իրավիճակը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Հայաստանի ներքաղաքական գործընթացներով», - ասել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները կապված չեն ՀԱՊԿ-ի հետ, և Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել։
«ՀԱՊԿ-ն այս ամենի հետ կապ չունի։ Ես բազմիցս խոսել եմ այս մասին։ Բուն Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել։ ՀԱՊԿ-ը կոչված է անդամ երկրներին արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար։
Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական սահմանի մեջ։ Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսակետից, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ»,- լրագրողներին ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը տարօրինակ է անվանել Հայաստանի ղեկավարության այն կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվի այս տարածքում։
«Մի տեսակ տարօրինակ է, այնպես չէ՞։ Իսկապե՞ս»,- նշել է նա։
Միաժամանակ Պուտինը շատ զգայուն է անվանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ «Իմ կարծիքով, կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է որոշի, թե ինչն է համապատասխանում իր ազգային շահերին»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
«Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, համենայնդեպս, դեռ։ Հայտարարել է, որ դադար է վերցնում, բայց միևնույն ժամանակ պաշտպանում է բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվում են մեր այսօրվա հանդիպման ժամանակ... Եթե դա այդպես է, նշանակում է հավանականություն կա, որ Հայաստանն այս միավորման շրջանակներում կվերադառնա լիարժեք աշխատանքի»,- լրագրողներին ասել է Պուտինը։