Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. Դուք չեք ծանոթացել գործի նյութերին, այն, ինչ Դուք եք ուզում, որ ասեմ, ես կասեմ՝ նման բան չկա
«Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է, թե՞ ինքանկամ եք ներկայացել դատարան»,-դատական նիստի ընթացքում ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նման հարց ուղղեց նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը։
«Ընդհանրապես չեմ հասկանում Ձեր հարցի իմաստը»,-արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։
Նախկինում ՔՊ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված դատավորը կրկին հարցրեց. «Շատ հստակ հարց եմ տալիս, Ձեր ազատությունը սահմանփակվե՞լ է, թե՞ ոչ»։
«Ոչ»,-արձագանքեց Քոչարյանը։
Դատավորը, շարունակելով խոսքը, նշեց՝ Ռ. Քոչարյանն ունի մեղադրյալի՝ չվերացված դատավարական կարգավիճակ։ Ցանկանում է, որ իր շահերը դատարանում պաշտպանեն Փաստաբանների պալատի անդամներ Արամ Վարդևանյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը, Միհրան Պողոսյանը։
«Ձեր հարցից ես հասկանում եմ, որ Դուք չեք ծանոթացել գործի նյութերին՝ հակառակ դեպքում այդ հարցը չէիք տա: Կարծում եմ՝ դատախազներից մեկը շատ լավ հասկանում է, գիտակցում է՝ ինչ եմ ես ասում։ Ինչ վերաբերում է փաստաբաններին, ես իրավաբան չեմ, բայց առանց մեղադրանքի, ինչքան ես հասկանում եմ, չեմ կարող ունենալ պաշտպան։ Այստեղ նստած են փաստաբաններ, որոնց հետ ես աշխատում եմ, որոնց կցանկանայի լիազորել իմ շահերը պաշտպանելու համար։ Բայց այն, ինչ Դուք եք ուզում, որ ասեմ, ես կասեմ՝ նման բան չկա։ Ես կրկնում եմ, առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ, ես չեմ հասկանում Ձեր հարցի էությունը։ Ձեր հարցն էն գլխից մեր օրենսդրության հետ որևէ առնչություն չունի»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: