Սա համարում եմ պարտադրանքի, փաստի առաջ կանգնեցնելու մեթոդ. Արցախի ՄԻՊ
2025 թվականին ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից այդ գումարը կնվազի՝ սահմանվելով 30 հազար դրամ։ Կառավարությունը մտադիր է թիրախային խմբեր առանձնացնել ու միայն նրանց տրամադրել աջակցությունը։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ արցախցիների հետ քննարկում եղել է, բայց, ամենայն հարգանքով այդ հանդիպման մասնակիցների նկատմամբ, կարող եմ փաստել, որ ներկայացվածություն ապահովված չի եղել։ Դրա մասին խոսում է այն հանգամանքը, որ արցախցիների շրջանում մեծ դժգոհությամբ է ընդունվել այդ որոշումը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ըստ նրա, սա սխալ մոտեցում է, այդ աջակցությունը տրվում է կեցության, այլ ծախսերի համար։
«Կեցության խնդիրը կարգավորված չէ և, ըստ այդմ, կտրել այդ աջակցությունը այն պարագայում, երբ երկարաժամկետ, հիմնովին լուծված չէ կեցության, բնակարանային հարցը, շատ սխալ մոտեցում է։
Երբեմն հարցը տալիս եմ՝ արդյոք պայմանավորված է ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ, թե այլ նպատակ է հետապնդում։ Կարծես թե ստանում եմ այն պատասխանը, որ ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ չէ պայմանավորված, այլ գործադիրը ցանկանում է դրանով նպաստի արցախցիների շրջանում զբաղվածության հարցի կարգավորմանը, որ մարդիկ գնան աշխատանքի։ Սա համարում եմ պարտադրանքի, փաստի առաջ կանգնեցնելու մեթոդ»,- ասաց Գ. Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։