Հրապարակ». Փաշինյանն անձամբ է խնդրել, որ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵԱՏՄ նախագահությունը հունվարից 1 տարով ստանձնած Հայաստանը թե ինչու է խնդրել, որ ԵԱՏՄ հերթական նիստն անցկացվի Ռուսաստանում, ոչ թե Երևանում, ինչի մասին նախօրեին հայտնեց ռուսական կողմը, ՀՀ ԱԳՆ-ն չի բացատրում: Ասացին միայն․ «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ ԵՏ բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվում է ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում», իսկ հաջորդ նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է նախորդած նիստի ընթացքում. «Տվյալ դեպքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8-ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել՝ հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում»։
Մինչդեռ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսի 8-ին անձամբ է խնդրել, որ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում: Նիստը, ի դեպ, նախագահելու է Փաշինյանը։ Բանն այն է, որ թեև Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիրն է, բայց արդեն երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ՝ Ռուսաստանում: Մայիսին էլ Հայաստանը համաձայնել էր ԵԱՏՄ հոբելյանի՝ տասնամյակի առիթով գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնելուն: Նման խնդրանքով դիմելու պատճառը Հռոմի ստատուտն է, որը վավերացվել է ՀՀ իշխանությունների կողմից և նախատեսում է՝ եթե ՌԴ նախագահ Պուտինն այցելի Հայաստան, նրան ձերբակալեն և հանձնեն Հռոմի դատարանին:
Փաստորեն, Փաշինյանը դարձել է իր հերթական արկածախնդիր քայլի «զոհը» և ծաղրուծանակի առարկա` արտաքին գործընկերների աչքում: Մի կողմից՝ Արևմուտքի պահանջներն է կատարում, մյուս կողմից՝ ՌԴ-ի հետ չի ուզում կամուրջներն այրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։