«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակներ հանձնվեցին նահատակվածների ուսանող հարազատներին և պատերազմների մասնակիցներին
«Կրթաթոշակի տրամադրման նախագիծը պատահական չէ, մենք այս նախագծի մեջ նպատակներ իմաստ և բովանդակություններ ենք դրել»,-«ՀայաՔվեի» նախաձեռնած «Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակների ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության մեկնարկին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը և նշեց, որ նախագծով ցանկանում են ուղերձներ հղել հասարակությանը և ամբողջ աշխարհին։
Առաջին ուղերձը, ըստ Սողոմոնյանի, բարձր գնահատական է նահատակների՝ հանուն հայրենիքի գործած սխրանքների և որ հաշտ չեն այն մտքի հետ, որ անցյալը պետք է մոռանալ և Արցախը թողնել պատմական Հայաստանի տրամաբանության մեջ, ընդունել թշնամու ստորացնող պահանջները և տրամադրվել ապրելու այնպիսի կյանք, որտեղ մեծ նպատակներ չկան և որի իմաստը սննդի ու վայելքների մեջ է, որում չկա հոգևոր, գաղափարական բաղադրիչ։
«Երկորդ ուղերձը մեր հերոսների նահատակության իմաստավորումն է, որ այդ նահատակության նպատակը պետք է բոլորս միասին կարողանանք կենսագործել»,- ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամը։
Նրա խոսքով՝ ապագա Հայաստանում առաջնահերթությունը կրթությունն է լինելու, բայց ոչ անբովանդակ կրթույունը, այլ այն կրթությունը, որի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի իմանա, որ առաքելություն ունի։
«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակների արժանացան Էլինա Հովհաննիսյանը (նահատակված Էդմոն Հովհաննիսյանի քույր), Հայկ Մարտյան(44 օրյա պատերազմի մասնակից, գանգուղեղային վիրավորում ստացած), Նազելի Սարգսյանը (Նահատակ Էդիկ Սարգսյանի քույր), Սվետլանա Ղազարյանը(նահատակված Արսեն Ղազարյանի քույր), Ֆլորա Շահնազարյան(Արցախյան առաջին պատերազմի հաշմանդամի դուստր), Մանվել Գրիգորյանը (44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած), Վիկա Առուստամյան (Արցախյան առաջին պատերազմում հաշմանդամություն ստացածի դուստր), Աստղիկ Սարգիսովան, (նահատակված Ռաֆայել Բադալյանի քույրը), Ալիսա Պողոսյան (նահատակված Գեղամ Պողոսյանի դուստրը), Կառլեն Հակոբյան(նահատակված Հայկ Հակոբյանի եղբայր, 44-օրյա պատերազմի մասնակից), Աննա Բաբայան (արցախցի զոհված Արման Բաբայանի դուստրը), Աստղիկ Նարինյան (հաշմանդամ Նորայր Նարինյանի դուստր), Աիդա Մանգասարյանը(հաշմանդամ Արայիկ Մանգասարյանի դուստր), Մանվել Խաչատրյանը (արցախցի զինհաշմանդամ), Վլադիմիր Հայրապետյանը (զոհված Կարեն Հայրապետյանի որդի)։
Կթական թոշակ ստացածները շնորհակալություն էին հայտնում և հայտարարում, որ նպաստելու են պետության զարգացմանը։
«Դուք մեզ շնորհակալություն եք հայտնում, բայց իրականում մենք ենք շնորհակալ ձեզ՝ ձեր ընտանիքներին, ձեր և ձոր հարազատների սխրանքների համար և այն, ինչ այսօր անում ենք, նվազագույնն է, ինչ պետք է արվեր»,-ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Մրցույթի մյուս մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր։
Հարակից հրապարակումներ`
- Հայաքվեն Էրբիլում դիտորդական առաքելություն է իրականացնում
- Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»