ՌԴ փոխարտգործնախարար. Պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» II հանրային ֆորումում իր ելույթում նախ ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնը` ուղղված միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին։
«Համոզված եմ, որ ձեր միջոցառումը կանցնի բարեկամական մթնոլորտում, թույլ կտա համակողմանիորեն վերլուծել ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների հիմնական ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները և, որ ամենակարևորն է, կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը»,- մասնավորապես ասված է Լավրովի ողջույնի մեջ։
Այնուհետև Գալուզինը կիսվել է «իր մտքերով ռուս-հայկական հարաբերությունների, դրանց ներկայի և ապագայի վերաբերյալ»՝ նշելով. «Մենք անկեղծորեն կարևորում ենք մեր հարաբերությունները Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Մենք միշտ փորձում ենք շատ ուշադիր վերաբերվել ռուս-հայկական դաշինքին։ Մեր երկրների միջև կապերը հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, ընդհանուր պատմության, մշակույթի և արժեքային համակարգերի, ինչպես նաև բազմաթիվ նյութական նախագծերի վրա։
Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է համաձայնությունների ողջ շրջանակին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։
Տարիներ շարունակ մենք միասին ձևավորել ենք Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը։ Ինչպես տեսնում եք, Ռուսաստանի դերն այս հարցում միշտ էլ պահանջված է եղել և կլինի՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։ Մենք պատրաստ ենք այս ակտուալ հարցի շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»։
Նրա խոսքով, «չնայած Ռուսաստանի և Հայաստանի միջև հայտնի խնդրահարույց հարցերին, բազմաբնույթ երկխոսությունը շարունակվում է»։
«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև Մոսկվայում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջև առաջիկա դեկտեմբերյան իրադարձությունների շրջանակներում»,- ասել է նա։