Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի քաղաքացիություն ստանա, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նա նշեց, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների, արցախցիները մտածում են՝ ՀՀ լիիրավ քաղաքացիներ են, ուղղակի օրվա իշխանության կողմից արհեստական բյուրոկրատական խոչընդոտներ են ստեղծվում։
«Երբ, օրինակ, 2004 թվականին հաշվառում փոխելով կարողանում էինք 3-5 օրվա ընթացքում անձնագիր ստանալ, այսօր հաշվառում փոխելով մարդիկ ինչո՞ւ պետք է 45 օր, կամ նույնիսկ ավելի սպասեն, մարդ է եղել, 105-րդ օրը նոր կարողանում է այդ անձնագիրը ստանալ»,- ասաց Դ.Գալստյանը։
Քննարկմանը ներկա ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը նշեց. «Եթե անձը նորից ուզում է ստանա 070 կոդով անձնագիր, դա կտևի 5 աշխատանքային օր, եթե խոսքը գնում է, որ ուզում է ստանալ ոչ թե փախստականի վկայական, այլ ՀՀ քաղաքացու անձնագիր, պետք է անցնի քաղաքացիության շնորհման գործընթացը։ Ինքս էլ գիտեմ դեպքեր, երբ սահմանված 2 ամիս ժամկետից երկար է տևել ծանրաբեռնվածությամբ և մի քանի այլ տեխնիկական պատճառներով։ Ունեցել ենք հատուկենտ դեպքեր, 4 ամիս է տևել, մի քանի տասնյակ դեպքեր՝ 3-4 ամիս, բայց հիմնականում պահել ենք 2 ամիս»։
Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ քաղաքացիություն ստանալու 6338 դիմում են ունեցել։ Կրկին երեկվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է 4394 ԼՂ բռնի տեղահանված անձ, հաշվի չեն առնում անչափահասներին, որովհետև նրանք ծնողների քաղաքացիության ձեռքբերումից հետո օրենքի ուժով քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա. Արմեն Ղազարյան
- Արցախցիների առջև ուլտիմատում են դրել՝ կամ ազատվել աշխատանքից, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն. Իրավապաշտպան
- Արցախցիները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան