
Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան
«Նորք Մարաշում վերջին 3 տարին անընդմեջ 2 շաբաթ չի եղել, որ ճանապարհները լուրջ փոսեր կամ անավարտ շինարարություն չունենան»,-ահազանգում է Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը։
Նա մանրամասնում է՝ Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն կամ ավարտի ժամանակի կառավարում բացարձակապես չկա։ Կան մայթեր, որոնք 3 անգամ ասֆալտապատվել են, 2 տարվա ընթացքում նորից քանդվել, ի վերջո սալիկներ են դրվել։
«Կից լուսանկարները Դուրյան փողոցից են, որը վերջին 5 օրվա ընթացքում մնացել է մեքենաները անընդհատ վնասող լուրջ փոսերով։ Նորք Մարաշի թաղապետարանի գոյության իմաստը պետք է բարձրացվի, մի երկու գերատեսչություններից բացի պետք է վերացնել մնացածը, քանի որ դա հարկատուների փողերի անիմաստ վատնում է»,-նշում է նա։