Ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել Ռուսթավելի պողոտանյից
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան ազատվել է ցուցարարներից, ոստիկանական ուժերը դուրս են բերվում այնտեղից։ Այդ մասին հայտնում է newsgeorgia.ge-ն։
Ներկայում այնտեղ աշխատում են հրշեջներն ու քաղաքապետարանի աշխատակիցները։ Նրանք հանգցնում են այրվող աղբամանները, ապամոնտաժում են բարիկադները և մաքրում ճանապարհը, որտեղ ցուցարարները թողել են բողոքի պաստառները:
Ոստիկանությունը գրեթե հինգ ժամ շարունակ ցրել է ցուցարարներին։ Անվտանգության ուժերը շրջափակել են պողոտայի մի հատվածը։ Խորհրդարանից հեռացված ցուցարարներին մետրոյի Ռուսթավելի կայարանի մոտ ոստիկանները դիմավորեցին շղթաներով։ Ցուցարարները գործնականում հնարավորություն չունեին հեռանալու։ Հատուկ ջոկատայինները հետապնդել ու բերման են ենթարկել, նույնիսկ նրանց, ովքեր գտնվել են խանութներում ու դեղատներում։
Լրատվամիջոցները տարածել են ցուցարարների ծեծի և լրագրողների վրա հարձակումների բազմաթիվ դեպքերի կադրեր։
Վիրավորների և ձերբակալվածների թիվը դեռևս հայտնի չէ։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, տասնյակ մարդկանց մասին է։
Հինգշաբթի երեկոյան հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Ռուսթավելիում ինքնաբուխ բողոքի ցույցի այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ հրաժարվում է բանակցություններ սկսել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ:
Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցի ցրումը սկսվել է կեսգիշերից հետո՝ մոտավորապես ժամը 2-ին։ Ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, խլացուցիչ նռնակներ, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ։
Ինչպես նշել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, ցույցն անցել է խաղաղ, և ոստիկանների գործողությունների պատճառով խախտվել է հավաքների ազատությունը։