Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով այս տարվա ընթացքում ստացվել է 57 հաղորդում
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է: Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ամաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ կետում ասվում է. 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, 12 տարին չլրացած անձի ներկայությամբ կամ շահադիտական դրդումներով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 2024 թ. հունվարի 1-ից մինչ օրս ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46:
Այսպիսով, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձը պատասխանատու է ոչ միայն խղճի, այլև օրենքի առաջ: