Ճարտարապետների պալատի խորհուրդը բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ
Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուդրը հայտարարություն է տարածել՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
«Նախագծով նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից տեղափոխել մասնագիտական ծառայությունները (ներառյալ ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը) շրջանառության հարկի համակարգից՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգ։
Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը, բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ և խնդիրներ, որոնք կարող են առաջանալ ոլորտում գործող նախագծային կազմակերպությունների համար։
Հարկային բեռի ավելացման հետևանքներ
1. Գնաճ և ինքնակամ շինարարություն
Նախագծային ծառայությունների համար ԱԱՀ կկազմի 20%, իսկ շահութահարկը՝ 18%։ Այս փոփոխությունը զգալիորեն կբարձրացնի ծառայությունների արժեքը՝ հատկապես պատվիրատու հանդիսացող ֆիզիկական անձանց համար, քանի որ նրանք չեն կարող հաշվանցել ԱԱՀ-ն։ Նախագծի հարկային բեռի բարձրացումը կհանգեցնի նախագծերի արժեքի բարձրացմանը։ Դա, կարող է խթանել ինքնակամ շինարարության աճը՝ նվազեցնելով հանրային վերահսկողությունը և բյուջեի հարկային մուտքերը։
2. Ստվերային տնտեսության աճ
Հարկային բեռի ավելացումը կարող է մեծացնել ստվերային գործունեությունը, ինչը հանգեցնելու է ոչ միայն պետական բյուջեի կորուստներին, այլ նաև տնտեսության անարդյունավետ զարգացմանը։ Փոքր նախագծային կազմակերպությունները, բարձր հարկերից խուսափելով, կդիմեն ստվերային գործառնությունների՝ խաթարելով մրցակցային հավասարակշռությունը։ Նշված երևույթը կանխարգելելու նպատակով ՀՃՊ խորհուրդը առաջարկում է ձեռնարկել լրացուցիչ իրավական կարգավորումներ, մասնավորապես սահմանել նախագծային փաստաթղթերի մշակման նվազագույն ֆիքսված արժեք, որը կնպաստի գների չհիմնավորված իջեցման միջոցով անբարեխիղճ մրցակցության (դեմպինգի) երևույթի նվազեցմանը, որն իր հերթին կնպաստի բյուջեի հարկային մուտքերի ավելացմանը:
3. Փոքր և միջին կազմակերպությունների խոցելիություն
Փոքր ու միջին շրջանառություն ունեցող նախագծային կազմակերպությունները չեն կարողանա մրցակցել խոշոր կազմակերպությունների հետ։ Այդ պայմաններում փոքր կազմակերպությունները կհայտնվեն շուկայից դուրս մղվելու վտանգի առաջ, ինչը կնպաստի շուկայի կենտրոնացմանը մի քանի մեծ ընկերությունների ձեռքում։
4. Չհստակեցված եզրույթներ և ձևակերպումներ
Մտահոգություններ կան, որ առաջարկվող փոփոխությունների օրենսդրական փաթեթում կան ոչ հստակ եզրույթներ՝ կապված այն հարցի հետ, թե արդյոք փոփոխությունները վերաբերվում են նաև փոքր, շինարարության թույլտվություն չպահանջող նախագծերին, կամ մասնագիտական խորհրդատվական ծառայություններին, կամ ներքին տարածությունների ձևավորման (ինտերյերի դիզայն) նախագծերին, որն ի դեպ՝ լիցենզավորման (արտոնագրման ենթակա գործունեություն չէ) ։ Այս հարցերը պետք է քննարկվեն և հստակեցվեն, որպեսզի ոչ մի հատված չմնա բաց։
Անդրադառնալով հնարավոր տնտեսական էֆեկտներին, Խորհուրդը նաև նշում է, որ հարկային օրենսդրության բարեփոխման արդյունավետությունը պահանջում է համալիր մոտեցում, որը հաշվի կառնի ոչ միայն հարկային դրույքաչափերը, այլև շուկայի ողջ կառուցվածքը, մասնավորապես փոքր ու միջին ընկերությունների գործունեության խթանումը, այսպիսով ապահովելով ստեղծարար գործունեության բազմազանությունը։
Պալատի խորհուրդը կոչ է անում կառավարությանը վերանայել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ակնկալում ենք նաև, որ մինչ հարկային օրենսդրության մեջ նման կտրուկ փոփոխություններ ամրագրելը, հանրային և մասնագիտական հարթակներում համակողմանի քննարկումների անցկացման հնարավորություն կստեղծվի, բոլոր կողմերի համար առավել ընդունելի և փոխշահավետ լուծումներ գտնելու նպատակադրվածությամբ»։