Մենք հաստատակամ էինք այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումն առանձնակի կարևորություն ունի. Միրզոյանի ելույթը Հաագայում
ՀՀ ԱԳ-ն տարածել է Արարատ Միրզոյանի ելույթը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին;
«Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունենում ասամբլեայի նստաշրջանին որպես Հռոմի կանոնադրության լիիրավ անդամ։ Մենք մեր առաջին քայլերն ենք անում այս ճանապարհին, բայց պատրաստ ենք ակտիվ դերակատարություն ունենալ։ Այս բարձր մարմնի անդամ դառնալու կարևոր որոշումը հեշտ չի կայացվել։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ մենք հաստատակամ էինք այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն մեր ջանքերի համախմբմամբ։
Մենք համոզված ենք, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է։ Այն նպաստում է նաև միջազգային իրավունքի զարգացմանը՝ այն դարձնելով ներկայիս մարտահրավերներին առավել համապատասխան։ Եվ, թերևս, ամենակարևորն՝ այն արդարադատություն է ապահովում ոճրագործությունների զոհերի համար, ինչը խաղաղության և հաշտեցման կարևորագույն բաղադրիչ է։ Հետևաբար, Հայաստանը լիովին գիտակցում և ընդունում է իր պատասխանատվությունն՝ ակտիվորեն նպաստելու Դատարանի հզորացմանը և առաջընթացին։
Հրամայական է, որ համախոհ երկրները ջանք չխնայեն կանխելու և պատժելու ամենածանր հանցագործությունները, որոնք մարտահրավեր են նետում մարդկությանը. ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիա: Մենք արդեն չափից շատ ենք ականատես եղել իրավիճակների, երբ վաղ նախազգուշացումն ու գործողությունները խաթարվել են նեղ քաղաքական շահերի պատճառով՝ կաթվածահար անելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջականորեն պատասխանատու կառույցների արդյունավետ գործունեությունը։ Այս առումով կանխարգելման մեխանիզմների, մասնավորապես վաղ նախազգուշացման հնարավորությունների, ինչպես նաև միջազգային դատարանների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի զսպման ներուժի ամրապնդումը կարող է մեզ ուղղորդել դեպի ավելի ապահով աշխարհ»-ասել է Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանն առաջին անգամ կմասնակցի Հաագայում Միջազգային քրեական դատարանի վեհաժողովի նիստին
- Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Ժոզեպ Բորելին
- Միրզոյան- Յան Յոակիմ Ստրանդ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ