Արդեն հայտնի է Գյումրիում համայնքապետի ԺՊ-ի ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրած 5 թեկնածուի անուն
Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման վերջնաժամկետն ավարտված է։
«Նախնական ընտրությունները՝ փրայմերիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը: Թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռևս չի հստակեցվում։
Քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրվել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Արտյոմ Թումանյանը, Շավարշ Արամյանը։
Ինքնաառաջադրվելու մտադրության մասին հայտնել են նաև այլ անձինք»,- գրել է ՔՊ փորձագետ Զորիկ Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։ Ըստ նրա, նպատակը Գյումրիում առկա կառավարման ճգնաժամը հաղթահարելն է։
Փաշինյանի ներկայացմամբ, գործընթացը կիրականացվի հետևյալ ձևաչափով․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների և համախոհների շրջանակից կխնդրեն ինքնաառաջադրվել կամ առաջադրել թեկնածուներ։ ՔՊ-ն կանցկացնի նախնական ընտրություններ Գյումրիի բնակիչների շրջանում՝ պատահականության որոշակի սկզբունքով։ Նախնական ընտրությունների հաղթողը կնշանակվի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և մեծ հավանականությամբ կլինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու հաջորդ ընտրություններին»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում
- Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու
- Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն. ՔՊ-ական Կարեն Սարուխանյան
- Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում