ՔԿ. Միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ
Երեխայի մահվան դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր թիվ 28 մանկապարտեզից «Արմավիր» ԲԿ տեղափոխված երեխայի մահվան դեպքին։
«Մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ Միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները և մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասաց Աբրահամյանը։
Քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Նախնական տեղեկություններով մահացած 4 տարեկան երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան. Նարեկ Սարգսյան
- Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել