Գեղամ Նազարյանն ասում է՝ լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր
«Ինձ «Հայաստան» խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում և դրա արդյունքում որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա նշեց, որ խմբակցության հայտարարությունը բավական պարզ է, հստակ։
«Բացի խմբակցության հետ հանդիպումից, հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր:
Ես մի խնդրանք, կոչ կանեի՝ չփորձեք խմբակցությունից դուրս գալը և անկախ պատգամավորի աշխատանքը ներկայացնել որպես Գեղամ Նազարյանն անցում է կատարում դեպի ՔՊ:
Ընդհակառակը, Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- հայտարարեց նա:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չէ՞ր տալիս խմբակցությունում ավելի արմատական լինել, նա պատասխանեց. «Չէ, թույլ էր տալիս։ Ուղղակի ներկայացվում է, որ Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, որովհետև նիկոլական է դարձել, և այդպիսի տարատեսակ կեղտոտ մեկնաբանություններ, դրա համար ես հատուկ շեշտում եմ, որ իմ գործունեությունն աչքի է ընկնելու ավելի ընդդիմադիր գործունեություն»:
Դիտարկմանը՝ կարծիքներ են հնչում, որ ավելի բարոյական կլիներ, եթե մանդատը վայր դներ, ի վերջո խմբակցությունն է իրեն բերել ԱԺ, Գ. Նազարյանն ասաց. «Այո, լսել եմ այդ կարծիքը։ Ես այս մասին մտածել եմ, որ եթե համատեղ աշխատանքը խնդիրներ է առաջացնում, գուցե ավելի լավ է ընդհանրապես դուրս գամ։ Բայց մի քանի խնդիրներ հաշվի առնելով, որոնք ես պետք է փորձեմ լուծել կամ գոնե կարգավորել՝ օրենսդրական աշխատանքի հետ կապված, նաև գործադիրի հետ շփումներով։ Ի վերջո, ես իմ վրա մի քանի պարտավորություն եմ վերցրել, որ եկել եմ խորհրդարան։ Ես այդ աշխատանքը պետք է կատարեմ։ Խորհրդակցել եմ նաև որոշ մարդկանց հետ, իմ ընկերներն են, զոհված տղաների ծնողներ են, համատեղ եկել ենք որոշման, որ ես պետք է մնամ ու փորձեմ լուծել այդ խնդիրները»։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանն ուղղեց, երբ Գեղամ Նազարյանը ներկայացվեց որպես ընդդիմադիր պատգամավոր
- Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից
- Գեղամ Նազարյանի ասածները պետք է քննարկման առարկա դառնան ֆրակցիայում. Ռոբերտ Քոչարյան
- Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
- Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
- Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին