Երկրորդ անգամ նույն խանութը թալանելուց հետո գողերը բռնվել են
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողները վերջին ամիսներին էլ ավելի ակտիվ պայքար են սկսել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ու այդ ամենը կատարվում է համայնքային ոստիկանների գրեթե ամենօրյա լարված աշխատանքի արդյունքում։
Ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 23-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Եդեսիա գյուղում գտնվող մթերային խանութից գողություն են կատարել։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում պարզվել է, որ գողությունը կատարվել է նույն գյուղի բնակիչ 44-ամյա Կամո Ա․-ին պատկանող խանութից։ Ստահակները կոտրել էին դուռը, մտել ներս ու գողացել ոչ միայն կենցաղային իրեր այլև իրենց հետ էին տարել «Թել-Սել» վճարային տերմինալը։Ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին համայնքային ոստիկանները դեպքի վայրից մոտ մի քանի կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել և գյուղից դուրս մոտ 2,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են վճարային տերմինալը՝ կոտրված վիճակում։ Պարզվել է, որ այնտեղ եղել է մոտ 500 հազար դրամ գումար, որը հափշտակել էին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով Աշտարակի ոստիկանները այնուհետև հայտնաբերել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալները եկել էին խանութ և հենց այդ ավտոմեքենայով գողոնը տեղափոխել։ Այդ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով օրեր առաջ ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները Երևանում վնասազերծել էին կասկածյալներից 2-ին, իսկ ևս 2-ի ինքնությունը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Խանութի աշխատակիցը իր շնորհակալությունն էր հայտնում համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին, ասելով․ «Սա երկրորդ դեպքն էր, որ խանութը թալանեցին։ Առաջին անգամ հոկտեմբերին էր, լուսամուտը կոտրեցին ու իրենց «սև գործն» արեցին։ Էդ ժամանակ դիմեցինք Աշտարակի ոստիկանություն, եկան, նայեցին, քննիչները գրեցին, ջնջեցին, փորձագետը նայեց, նկարեց, բայց ոչ մի արդյունք բացահայտելու ուղղությամբ։ Էդ գողության թանաքը դեռ չչորացած՝ նոյեմբերի 23-ին ստահակները դուռն են կոտրում, մտնում, էլի գողություն կատարում։ Ընդհանուր առմամբ մեզ պատճառվել է մոտ 2․5 մլն դրամի վնաս։ Ճիշտն ասած սկի չէինք էլ ուզում դիմեինք ոստիկանություն։ Ասում էինք՝ դե էն նախորդը թող բռնեն, տենանք ինչա լինում ու զարմացանք, որ առավոտ շուտ Աշտարակի ոստիկանները եկան, իրենց գործողությունները արեցին, մենք էլ մտածեցինք, էս էլ հերթականն է, ոչ էլ կբռնեն, բայց փաստորեն սխալվել էինք։ Հետո իմացանք երկու երեք օր ողջ գյուղում, մեր ու հարևան գյուղերի դաշտերում ինչ որ բան են ման եկել ու գյուղից հեռու գտել են տերմինալը՝ բայց թալանված, իսկ այսօր էլ իմացանք, որ դրանց բռնել են։
Անկեղծ ասած շատ ուրախացանք, որ գոնե սրիկաները էլ նման բան չեն անի, իսկ մյուսներին էլ դաս կլինի, որ եթե նման բան անեն, բռնվելու են։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր Աշտարակի համայնքային ոստիկաններին, որ օրեր շարունակ մեզնից շատ տանջվեցին, բայց արդյունքի հասան։ Մնում է կարենանք դրանցից մեզ պատճառված վնասը փոխհատուցում ստանանք»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում աhшբեկիչներն առևանգnւմ են մարդկանց և թալանnւմ տներ
- Թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը
- Երևանում թալանել են դատավորի դստեր «Chevrolet Volt»-ը