Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից քննչական խմբի մի մասը մեկնում է հիվանդանոց, մի մասն էլ՝ մանկապարտեզ:
Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը: Նախնական տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.-ն է: Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: