Պատմության նոր էջ ենք բացում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար. Արշակյան
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում:
ԱԺ հաղորդմամբ, նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում` մի շարք քննարկումներից հետո այն լրամշակվել է. հաշվի են առնվել ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ` տեխնոլոգիական համայնքի տարբեր միությունների ու ընկերությունների կողմից ստացված առաջարկություններ: Մասնավորապես, «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծում կառավարությունն առաջարկում է «աշխատանքային միգրանտներ և նոր աշխատողների ներգրավման համար եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտահարկի գումարի 60 տոկոսի չափով աջակցություն»: Նախարարի պարզաբանմամբ հետայսու համահարթ մոտեցում կցուցաբերվի` սահմանելով համահարթ կարգավորում բոլոր ընկերությունների համար:
Հաջորդ փոփոխությամբ տնտեսավարող սուբյեկտներին առաջարկվում է մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման դեպքում եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտահարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն: Նախագծից առաջարկվում է հանել վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերի փոխհատուցման կարգավորումները:
«Ըստ էության, մենք պատմության նոր էջ ենք բացում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար. կառավարությունը հանձն է առնում յուրաքանչյուր տարի շուրջ 40 մլրդ դրամ ներդնել այս ոլորտում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: