«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին հավաքվել է 15, 302, 500 ԱՄՆ դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ ս.թ. նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի է ունեցել հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 ԱՄՆ դոլար:
«Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Հեռուստամարաթոն 2024» դրամահավաքի արդյունքներն ըստ երկրների.
Հայաստան՝ $1,218,185
ԱՄՆ՝ $7,700,717
Ֆրանսիա՝ $3,430,000
Տորոնտո (Կանադա)՝ $1,052,000
Գերմանիա՝ $133,000
Նիդերլանդներ՝ $50,000
Արգենտինայի և Բրազիլիայի համատեղ դրամահավաք՝ $47,529
Մեծ Բրիտանիա՝ $40,000
Արգենտինա՝ $39,000 (հավելյալ հանգանակություններ)
Ավստրալիա՝ $20,000
Ռումինիա՝ $1,995
Անանուն նվիրատուներ տարբեր երկրներից՝ $1,570,000
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ տարածքում գործող բանկերին, որոնք իրենց մեծ ավանդը ներդրեցին համայն հայության համար կարևոր այս դրամահավաքին` ընդհանուր առմամբ հանգանակելով 280,000,000 ՀՀ դրամ (Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ֆասթբանկ, Էվոկաբանկ, Հայէկոնոմբանկ, ԱԿԲԱ բանկ, Յունիբանկ, ԱՄԻՕ բանկ, Կոնվերսբանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ, ԱրմՍվիս բանկ): Հանգանակությունների համար շնորհակալություն ենք հայտնում նաև ԱԿԲԱ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած ԱԿԲԱ Վիզա Բարերար քարտի քարտապաններին, Digitain կազմակերպությանը, «Տիգրան Մեծ» հրատարակչությանը, ԵՊՀ Հիմնադրամին, Գառնի Ինվեստ ՈւՎԿ–ին, «Թել Սել»–ի բաժանորդներին, ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ին, «Երևանի գարեջուր» ՓԲԸ–ին, ինչպես նաև բոլոր նվիրատուներին:
Նշենք, որ «Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝
-սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
-համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,
-սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
-սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
-բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
-մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։
Բացի վերոնշյալից, 2025-2026թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝
1.Բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
2.Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:
Շնորհակալ ենք Հիմնադրամի միջազգային ցանցին, բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ 2025-26թթ. ընթացքում ՀՀ սահմանային բնակավայրերում ապրող տասնյակ հազարավոր շահառուներ կօգտվեն Հիմնադրամի կողմից իրականացվող զարգացման ծրագրերից»,-ասվում է հաղորդագրության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ: