«Փաստ». Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման և հանքի հետագա շահագործման իրավունք ստանալու հայտ է ներկայացրել «Գեֆեստ Մայնինգ» ընկերությունը: Հիշեցնենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փոխկապակցված է ՎՏԲ բանկի հետ, որը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով 2022 թվականից խնդիրների առջև էր կանգնած և մտադիր է վաճառել հանքավայրը։
Նույն պատճառով Թեղուտի հանքավայրից արտահանումը, հետևաբար՝ նաև արդյունահանումը որոշակիորեն սահմանափակված է եղել։ Ըստ այդմ, խոշոր շուկաներ արտահանման էական սահմանափակումը հանգեցրել է հանքի խիստ մասնակի շահագործման, որն էլ լուրջ վնաս էր պատճառում թե՛ տեղի բնակչությանը, քանի որ այստեղ 1000-ից ավել մարդ էր աշխատում, թե՛ պետական բյուջեին ընդհանուր առմամբ: Ինչ վերաբերում է «Գեֆեստ Մայնինգ» ընկերությանը, ապա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խոսքը Ղազախստանում գրանցված կազմակերպության մասին է, ավելին, այն գրանցվել է ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ 2024 թ. հոկտեմբերի 22-ին: Ընկերության երկու բաժնետերերից մեկը՝ «CUPRUM MINERALS MANAGEMENT» ընկերությունն էլ ստեղծվել է հոկտեմբերի 17-ին:
Վերջինիս երկու ֆիզիկական անձ բաժնետերերից մեկը Նուրլան Կուսաինովն է, որը չունի փորձ հանքարդյունաբերության ոլորտում, հանդիսանում է պետական պաշտոնատար անձ Ղազախստանի Հանրապետությունում: Հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունի նաև «CUPRUM MINERALS MANAGEMENT»-ի և «Գեֆեստ Մայնինգի» երկրորդ բաժնետեր Ալեքսեյ Ուտկինը: Ղազախստանի Հանրապետության պետական ռեեստրներից վերհանված նյութերի հիման վրա արված վերլուծությունը չի հիմնավորում պարոնայք Ուտկինի և Կուսաինովի թե՛ փորձառությունը և թե՛ ֆինանսական կարողությունները 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և կառավարման բարդությամբ աչքի ընկնող հանքարդյունաբերական ակտիվ ձեռք բերելու և շահագործելու համար:
Ըստ այդմ, կան հիմնավոր կասկածներ, որ նրանք այս գործում իրական վերջնական շահառու չեն հանդիսանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան