240 կգ ձուկ. Պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել երկու մարզում
Դեկտեմբերի 2-ին ջրային պարեկային կարգախումբը Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի հատվածում, առանց ամրագոտի երթևեկելու համար, կանգնեցրել է Արծվանիստ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-21043» մկնիշի մեքենան:
Ստուգման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է սիգ տեսակի ձուկ: Վարորդը, համագուղացի 44-ամյա ուղևորը և մեքենան պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին:
Պարզվել է, որ ձկները պատկանում են ուղևորին: Ըստ նրա` անձնական կարիքների համար ձկները ձեռք է բերել դեկտեմբերի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ծովակ գյուղի վարչական տարածքում` անծանոթ անձից:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մասնակցությամբ ձկները հաշվել և կշռել են: 145 սիգը կշռում էր 60 կիլոգրամ. կենդանական աշխարհին պատճառվել է 301 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21043»-ի 49-ամյա վարորդը ոչ մայն զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, այլև այդ պահին գտնվել է ոչ սթափ վիճակում:
Այս փաստով ևս փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել նաև Սյունիքի մարզի պարեկները:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Սպանդարյան» ջրամբարի մոտակայքում նրանք կանգնեցրել են մի տրակտոր, որի կցորդիչը բեռնված էր ձկներով: Վարորդը հայտնել է, որ ձուկը որսացել է ջրամբարից, սակայն որևէ փաստաթուղթ ու թույլտվություն չունի: Ձուկը կշռել է ընդհանուր 180 կիլոգրամ, որից 110-ը` կարաս, 70-ը` կողակ: Հանգամանքները պարզվում են:
Կրկին հորդորում ենք` հատկապես սիգի ձվադրման այս շրջանում չզբաղվել ապօրինի որսով: Դրանով ոչ միայն խախտում եք օրենքը, այլև լուրջ վնաս եք պատճառում շրջակա միջավայրին:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա