Փաշինյանը ոչ միայն արդարացրեց Ադրբեջանի ագրեսիան, այլև ընդունեց ցեղաuպանnւթյանն իր հանցակցությունը. Լիլիթ Գալստյան
«Որքան քաոտիկ և ողբերգական են մեր իրականությունն ու մեզ շրջապատող աշխարհքաղաքական զարգացումներն, այնքան սյուռեալիստական է և ոչ ադեկվատ իշխանության պահվածքը»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ նրա, բնականաբար, արժեզրկված չափանիշների, բացակա բարոյականության, համատարած ստի ու թերուս կառավարիչների միջավայրում գնալով խորանում է պարտության մատնված հասարակության ապատիան:
«Այնքան են բթացել մեր հանրային ազդակները, որ որպես ընթացիկ իրողություն է ընկալվում քաղաքական մեծամասնության հերթական պատգամավորի թմրանյութի սկանդալը։ Իսկ նա ոչ միայն չի հրաժարվում մանդատից, այլև շարունակում է հանրապետության երկրորդ քաղաքը ղեկավարելու հավակնություն ունենալ։
Այնքան են բթացել մեր հավաքական զգայարանները, որ հեծանիվ ու մետրո քարոզող պոպուլիստական թիմի 9 տոկոսանոց քաղաքապետը՝ հարաճուն արտաքին պարտքի պայմաններում, 17 հազար դոլարանոց տոմսով է մեկնում ԱՄՆ, այն պարագայում, երբ մայրաքաղաքը մատնված է տրանսպորտային կոլապսի:
Հայրենազրկված արցախահայության սոցիալական ծրագրերը կրճատող, թոշակ ու աշխատավարձ չբարձրացնող երկրում՝ բյուջեից 1,4 միլիոն դոլար է հատկացվում ամանորի հերթական անբովանդակ ծրագրին՝ երրորդ տարին անընդմեջ խոշտանգելով հանրապետական նշանակության հուշարձանը։
Հազար ու մի անվտանգային առաջնահերթություն ունեցող երկրում 8 միլիոն դոլար էլ բառիս բուն իմաստով քամուն է տրվում հանուն ինչ որ անպտուղ արբանյակային ծրագրի:
Հարկատուների հաշվին մի 6 միլիոն էլ թմրամիջոցների քարոզիչ Սնուպ Դոգի սիրույն եք քամուն տալիս և դարձյալ թողնում անհետևանք:
Կարևորը տեսարանն է, այն էլ՝ պատերազմի իրական սպառնալիքի ներքո»,- ասաց ընդդիմադիր
Նա նշեց, որ իշխանությունները Հռոմի Ստատուտը վավերացնելիս հայտարարում էիք, թե այն պատերազմական հանցագործ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործիք է:
«Բաքվում Արևմտյան Ադրբեջանի հիմն են կատարում, մեջլիսում կազմակերպում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումներ: Իսկ Արարատ Միրզոյանը երեկ խոսելով Հռոմի կանոնադրության անդամ երկների վեհաժողովում՝ բառ անգամ չի ասում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների կամ Հայաստանի մի տարածքի օկուպացիայի մասին»,- ասաց Լ. Գալստյանը։
Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ «գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։
«Կառավարության անդամներին նկատի ունենալով հայտարարեց Փաշինյանը:
Իսկ ով, եթե ոչ հենց ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պիտի պատասխան տա այն կործանարար սխալների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարավորների կյանք:
Մինչդեռ, այսօր այս ամբիոնից ծանր, պատմական ինքնախոստովանություն հնչեց՝ «Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարվող քաղաքականությունը Հայաստանը պահելու և մեր պետականության գոյությունը երաշխավորելու միակ հնարավոր տարբերակն էր» հայտարարեց Փաշինյանն: Ըստ էության, նա ոչ միայն արդարացրեց Ադրբեջանի ագրեսիան, այլև ընդունեց ցեղասպանության իր հանցակցությունը:
Իսկ աշխարհը, ցավոք, կշարունակի մեզ ընկալել որպես ազգ-նահատակ, քանի դեռ մեր պետականության ղեկին Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է. Աբրահամյան
- Հրապարակային ծաղրnւմ են Նիկոլ Փաշինյանին, այ այդպես է աշխարհը մեզ ընկալում. Մամիջանյան
- Փաշինյանն ընդամենն ասում է, որ եթե 1-2 տարի դիմանար իշխանության լծակների մոտ, ապա իր իշխանությանը վտանգ չի սպառնա. Լարիսա Ալավերդյան
- Դավիթ Անանյան. Փաշինյանի հայտարարություններն իրենց բնույթով ապազգային են, հակապետական ու վտանգավոր
- Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին։ Այդ վարկերը ո՞ւմ եք տրամադրել. Մեսրոպ Առաքելյան
- Աշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին