«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի գործերով, սակայն ներկա իշխանությունները, որ բոլորի աչքի առջև թռիչքաձև հարստանում են, Աննա Վարդապետյանի աչքից վրիպում են:
Օրինակ՝ 2023 թվականին քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը ակնհայտորեն բարելավել է իր եկամուտները։ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության շարքային անդամից 2018 թվականի իշխանափոխությունից-հեղափոխությունից հետո միանգամից փոխվարչապետ դարձավ և 2018 թվականին ներկայացրեց իր առաջին հայտարարագիրը: Այդ օրերին Տիգրան Ավինյանը հայտարարագրել է շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, բայց ուներ ընդամենը 600 հազար դրամ և 2475 հազար ԱՄՆ դոլար։ Ավինյանի ներդրումներն արժեթղթերում կազմում էին 7000 ԱՄՆ դոլար։ Տիգրան Ավինյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ։ 2018 թվականին ներկայացրել է նաև տարեկան հայտարարագիր՝ հայտարարագրելով շուրջ 13 միլիոն 771 հազար դրամ։
Համեմատելով այս 6 տարիների ընթացքում ստացած եկամուտները՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են՝ 2018 թվականին առկա 13 մլն դրամից դառնալով 45,5 մլն դրամ։
Համաձայն Տիգրան Ավինյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի Երևանի այժմյան քաղաքապետն անցած տարի 45.4 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Այս եկամուտներից 20 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 14 մլն դրամը ստացել է Երևանի Կենտրոնում գտնվող ավտոտնակի վաճառքից։ Մնացած 11.3 մլն դրամը քաղաքապետը ստացել է Poolin կրիպտոմայնինգի հարթակից։ Բայց անգամ ավտոտնակի վաճառքի մեջ մամուլը կոռուպցիոն ռիսկեր էր տեսել: Ինչպես գրել էր FactorTV-ին, ավտոտնակի գնորդը «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ն է, որը համայնքային կառույց է։ Ավինյանի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2023 թվականին կրկնապատկվել է՝ դառնալով 3.62։ Նկատենք, որ 1 Bitcoin-ի արժեքն այս պահին հատել է 95 հազար ԱՄՆ դոլարի շեմը։
Քաղաքապետի մյուս կրիպտոարժույթները տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել են ինչպես 2022 թվականին՝ ADA Cardano՝ 1,483, Ethereum 5։
Երևանի քաղաքապետը հայտարարագրել է իրեն չպատկանող, սակայն իր կողմից 90 օրից ավելի շահագործվող առանձնատունը (թերևս ուրիշի անունով գրանցված՝ ինչպես «ավանդաբար» արվում է նման դեպքերում)։
Այսպիսով, գրեթե 3,5 անգամ ավելացված եկամուտներ ունի Տիգրան Ավինյանը, որի կուսակցության առաջնորդը օրուգիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից:
«Ժողովուրդ» օրաթերթը, այս և մամուլում հրապարակված այլ կոռուպցիոն կասկածները հաշվի առնելով, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց. «Ավինյանը այս ընթացքում կոռուպցիոն որևէ գործի շրջանակներում արդյոք հրավիրվե՞լ է իրավապահ որևէ կառույց, թե՞ ոչ»: Բայց քաղաքապետարանից պատասխանեցին, թե հարցը իրենց տիրույթում չէ, իրավապահներին դիմենք: Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն, բայց դեռ պատասխան չունենք: Կհրապարակենք` ստանալուն պես»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա