Ինչո՞ւ հայ հայրիկները սկսեցին չվճարել ալիմենտը
«Երբ ամուսնալուծվեցինք, աղջիկս երկու տարեկան էր։ Եղել են ամիսներ, երբ հայրը չի վճարել դատարանով նշանակված ալիմնետը՝ 20 հազար դրամը։ Նա մեկնել էր Ռուսաստան։ Մի քանի անգամ դիմեցի, հիշեցրեցի, ասում էր՝ գործերը վատ են, չի կարողանում նույնիսկ իր գլուխը պահել»,-Panorama.am-ին պատմում է Կարինեն, որի դուստրն արդեն չափահաս է։
Կինը կարողացել է ծնողների, հարազատների օգնությամբ մեծացնել երեխային, աշխատանքի վերադառնալ։
«Հիմա որ հետ եմ նայում, տարբեր զգացումներ եմ ունենում, ափսոսանքի, բարկության, 20 հազար դրամն ի՞նչ էր, որ իր երեխայի համար ափսոսում էր։ Իսկ երեխան մանկապարտեզ, դպրոց էր գնում։ Այդ ամենը ծախս էր չէ՞, փառք աստծո, աշխատանքի շուտ վերադարձա»,-ասում է Կարինեն։
Սոֆյան երկու երեխա ունի։ Դատարանով ամուսնալուծված չէ, հետևաբար ալիմնետ էլ նշանակված չէ։
«Շուտով կլրանա բաժանվելու երեք տարին, մի քանի անգամ է գումար ուղարկել ծանոթի միջոցով՝ մի անգամ դստերս ծնունդին, մի անգամ՝ որդուս։ Երկու անգամ էլ կոմունալներն է վճարել»,-ասում է կինը։
Քանի որ երկրորդ բալիկը փոքր է, կինը դեռ չի կարողանում աշխատել։ Այս ընթացքում վաճառում է ունեցած ոսկյա զարդերը, ընդունում է հարազատների առաջարկած օգնությունը։ Նա հիմա անդադար տանից աշխատելու տարբերակներ է փնտրում։
Հայաստանում տարեցատարի երեխային ալիմենտ վճարելուց հրաժարվող ծնողների թիվն աճում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման բնույթի կատարողական վարույթների քանակը նախորդ տարի 2020-ի համեմատ քառապատկվել է՝ հասնելով 10.457-ի։ Սա նշանակում է, որ սեփական երեխային կամ երեխաներին դատարանով սահմանված ալիմենտի վճարումից հրաժարված ծնողների թիվը կտրուկ ավելացել է, իսկ մյուս ծնողը դիմել է ծառայությանը՝ խնդրելով պարտավորեցնելու վճարել գումարը կամ բռնագանձելու այն։ Վիճակագրությունը փաստում է՝ 2020-ից սկսած նման ծնողների թիվը տարեցտարի աճում է։
Panorama.am-ի հարցմանն ի պատասխան Գլխավոր հարկադիր կատարողի մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն, Ծառայությունում 2024 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ ալիմենտի բռնագանձման բնույթի առկա կատարողական վարույթների (ընթացիկ և ավարտված) քանակը կազմում է 6,940։
Համեմատության համար ներկայացնենք անցած տարիների վիճակագրությունը.
• 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ալիմենտի բռնագանձման բնույթի կատարողական վարույթների (ընթացիկ և ավարտված) քանակը կազմում է 10.457,
• 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 5.051,
• 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3․504,
• 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2․672։
Մինչ 2020 թվականն ալիմենտի բռնագանձման պահանջով կատարողական վարույթները դասակարգվել են ոչ գույքային պահանջով կատարողական վարույթների թվում, առանձին վիճակագրություն չի վարվել։ Պարտապանների գենդերային կազմի վերաբերյալ էլ տվյալներ չկան։
Չնայած սրան, կարելի է պնդել, որ Հայաստանում ալիմենտ վճարողի դերում առավել հաճախ հայրիկներն են լինում։
Որո՞նք են չվճարելու պատճառները
Առաջին հայացքից ալիմենտի բռնագանձման պահանջով վարույթների թվի բազմապատկումը կարելի է պայմանավորել Հայաստանում ամուսնալուծությունների աճով։ Սակայն պաշտոնական վիճակագրությունն այս վարկածի օգտին չէ։ Ամուսնալուծությունների կտրուկ աճ երկրում չկա։
Վերջին երեք տարիներին ամուսնալուծությունների բացարձակ թիվը գրեթե անփոփոխ է։
Այս տվյալները վերցված են Ազգային վիճակագրական կոմիտեից, որի աղբյուրը Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրն է։
Տարիներ առաջ ԱՄՆ-ում իրականացված մի ծավալուն հետազոտության համաձայն, երեխային ալիմենտ չվճարող երեք հայրիկներից միայն մեկն է, որ պարտավորությունը չի կատարում աղքատության, չունևոր լինելու պատճառով։ Հայաստանում էլ ալիմնետի չվճարման պատճառների թվում գործազրկությունն ու գումար չունենալն առաջին հորիզոնականում չեն։
Ամուսնալուծության գործերով բազմիցս որպես փաստաբան ներգրավված Լուսինե Վիրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, վերջերս ականատես է եղել մի դեպքի, երբ հայրը ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ, սակայն մեկ ու կես տարի հրաժարվել է ալիմնետի վճարումից։
«Եթե մոտ հինգ տարի առաջ մեկ ամսվա ընթացքում ամուսնալուծության վերաբերյալ 5 գործ էինք ստանում, ապա հիմա մեկ շաբաթվա ընթացքում ենք այդքան ստանում։ Խայտառակ վիճակ է։ Շատ մեծ է ծնողների անբարեղճությունը։ Տեղի է ունենում իրավունքի երկկողմանի չարաշահում, այդ իրավունքը ծնողները դարձնում են մահակ միմյանց դեմ։ Ալիմենտի գործերը սովորաբար փոխկապակցված են լինում երեխայի տեսակցության գործերի հետ»,-ասում է Լուսինե Վիրաբյանը։
Մինչ գործը կհասնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ալիմենտ վճարող ծնողը դատարանում հիմնականում ամեն բան անում է, որ նշանակվի հնարավորինս փոքր գումար, թաքցնում է եկամուտները։ Իհարկե, հիմա դատարանն ունի գործիքներ ստուգելու, բայց ոչ միշտ է, որ գործատուն գրանցում է աշխատակցին։
Փաստաբանի պրակտիկան ցույց է տվել՝ հիմնականում ալիմենտի բռնագանձման համար դիմում են մայրիկները, ու հենց այդ դեպքում հայրիկները հիշում են, որ երեխաների հետ պետք է տեսակցություն իրականացնեն։ Եղել են դեպքեր, երբ հայր ծնողն ասել է, համոզված չէ, որ ալիմենտի գումարը նախկին կինը ծախսելու է երեխայի կարիքները հոգալու համար, ընդ որում այդ գումարը կազմել է 30-50 հզ դրամ։
«Մայրն ասում է՝ ես թույլ չեմ տա, որ հայրիկի հետ տեսակցի, ինչն իրավաչափ չէ։ Իրավաչափ չէ նաև ալիմնետ չվճարելը։ Մի գործի շրջանակում ես մայր ծնողի փաստաբանն եմ։ Հայր ծնողին հարցնում եմ՝ ինչքա՞ն ես պատրաստ վճարել։ Պատասխանում է՝ երեխան շաբաթվա մեջ երկու օր ինձ մոտ է լինում, ես շատ լավ կերակրում եմ երեխային, ալիմնետ չեմ վճարելու։ Սա իրավագիտակցություն չէ, ծնողական պատասխանատվության մասին ենք մենք արդեն խոսում։ Երեխային օրենքով հասանելիք ալիմենտը չեն վճարում, քանի որ երեխայի ծնողից ունեն վիրավորվածություն։ Կամ նույն պատճառով երեխային չեն թողնում տեսակցի հոր հետ։ Ունենք սարսափելի դեպքեր, որոնք շատ շատ են, պատասխանատու ծնողները քիչ տոկոս են կազմում»,-ասում է փաստաբանը։
«Ուղեկից» հոգեբանական կենտրոնի մասնագետներին հաճախ են ներգրավվում ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման գործերով՝ փորձաքննություն իրականացնելու համար։ Կենտրոնի հիմնադիր, դատական հոգեբան Անի Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում փաստեց՝ վերոնշյալ բոլոր դեպքերում երեխան դառնում է հոգեբանական բացասական ազդեցության, իսկ երբմեն էլ հոգեբանական բռնության զոհ։
Ինչո՞վ է հոգեբանը պայմանավորում ալիմենտի բռնագանձման վարույթների կտրուկ աճը։
«Խնդիրն աղքատության կամ ֆինանսական անկարողության համատեքստում չեմ կարող դիտարկել նաև այն պատճառով, որ դատարանն ալիմնետ նշանակելիս հաշվի է առնում այդ գործոնները։ Նախ և առաջ ամուսնա-ընտանեկան հարաբերությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքն է փոխված, երեխային առավել հաճախ սեփականություն դիտարկելու միտումն է աճել։ Մի ծնողի էգոիստաբար մոտեցման արդյունքում մյուս ծնողն աստիճանաբար դուրս է մղվում և պատասխանատվությունից, և խնամքից, և մնացած պրոցեսներից, ինչը չի բխում երեխայի լավագույն շահից։ Այստեղ չեմ կարող ասել առավել հաճախ հայրիկներն են դուրս մղվում, թե մայրիկները, քանի որ դա լինում է պայմանավորված անձնային որակներով ու արժեքներով»,-ասում է Անի Վարդանյանը։
Ըստ մասնագետի, արժեքային առումով մենք լուրջ խնդիրներ ունենք։
«Չմոռանանք նաև, որ մենք ունենք էմոցիոնալ անկայունության արտահայտվածություն, ագրեսիան, անհանդուրժողականությունն ավելի բնորոշ են դարձել մեզ հետպատերազմական, հետքովիդյան ժամանակահատվածում։ Սոցիալական ցանցերի դերն է այս առումով մեծացել։ Մի դեպք կա, երբ երեխան ասում է՝ ես գիտեի, պապաս մեզ կարոտում է, բայց մամաս ցույց տվեց նրա ինսթագրամի էջը, ես տեսա, որ առանց մեզ էլ է նա լավ ապրում։ Մինչդեռ երեխայի գլխում նման մտքի սերմանումն առաջին հերթին վնասում է երեխային»,-նշում է կենտրոնի հիմնադիրը։
Կատարողական վարույթների թվի ավելացման առումով հոգեբանը կարևորում է նաև փաստաբանների դերը, կանանց՝ առավել անկախ լինելը։
«Նախկինում շատ կանայք չէին ուզում, որ հարևաններն իմանան իրենց պատմությունը։ Հիմա այս ամենի նկատմամբ այդ մոտեցումն էլ է փոխված, նորմալ երևույթ է, ոչինչ, ասում են, թող Հարկադիր ծառայության աշխատակիցը տասն անգամ գա-գնա։ Փաստաբաններն են շատ սովորեցնում, մղում գործողությունների»,-նշում է նա։
Երեխաների տրավմատիզացիայի հետևանքները դեռ տեսնելու ենք
Հոգեբանի պրակտիկան ցույց է տալիս, որ ամուսնալուծությունից հետո շատ դեպքերում ծնողը, ում մոտ մնացել է երեխան(երը), սկսում է մյուս ծնողի մասին պատմել բացասական բաներ, վատաբանել, սա էլ իր հերթին բերում է նրան, որ երեխան(երը) ինքնակամ հրաժարվում են ծնողի հետ տեսակցելուց, շփվելուց։ Սա էլ հանգեցնում է այն բանին, որ մյուս ծնողը չի վճարում ալիմենտը։
«Հաճախ հանդիպում են նաև այլ հիմնավորումներ, օրինակ, ասում են՝ ես հաշվեհամար եմ բացել, ալիմենտն այնտեղ եմ փոխանցում, հետո կլորիկ գումար կտամ երեխային, կամ նշանակված ալիմենտը մեծ գումար է, երեխայի ծախսերի համար շատ է։ Կամ ասում է՝ ես առաջարկել եմ երեխայի մանկապարտեզի ծախսերը հոգալ, մայրը մերժել է։ Բայց մենք ունենք միտում, երբ նվազում է երեխայի նկատմամբ պատասխանատվությունը»,-նշում է նա։
Պատճառների թվում հոգեբանը նշում է նաև օրենսդրական բացերը, երբ երեխային հոգեբանական բացասական ազդեցության ենթարկող ծնողը չի պատժվում։ Բացի այդ, երեխային տարիներ շարունակ կարող են ենթարկվել հոգեբանական փորձաքննությունների՝ նախ դատարանում, ապա հարկադիր ծառայությունում, այնուհետ՝ քննչական մարմիններում։
«Մենք ունենք նախ իրավակարգավորման ավելի ճկուն ու երեխայակենտրոն մոտեցման սկզբունքի ձևավորման անհրաժեշտություն, ինչպես նաև ավելի խիստ սանկցիաների կիրառման անհրաժեշտություն, որպեսզի հոգեբանական ներազդեցությունները նման ընթացք ու հետևանքներ չստանան։ Մենք այդ հետևանքները դեռ տեսնելու ենք, քանի որ այս երեխաները տրավմատիզացվում են շատ արտահայտիչ կերպով։ Նրանք մեր վաղվա հասարակությունն են։ Այս առումով ալիմնետը շատ կարևոր է երեխայի առաջնային պահանջմունքները հոգալու համար, բայց հավատացեք, հոգեբանական ներազդեցությունն էլ լուրջ խնդիր է, առողջ, ներդաշնակ հասարակության առումով լուրջ մտահոգվելու պատճառեր ունենք։ Ալիմենտը իրականում հետևանքն է այն ամենի, ինչ ունենք, շատ կարևոր ցուցանիշ, որը հուշում է՝ կա խնդիր ու անելիք։ Ներքին բարդույթներով, թշնամանքով լցված մարդը, որքան էլ սոցիալական հաջողություններ, կրթական բարձր ցենզ ունենա, միևնույն է, ինքը որպես հասարակության օղակ ավելի բացասական ազդեցություն գործող մեկն է։ Այս առումով մենք ունենք առողջացման խնդիր»,-ընդգծում է հոգեբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա