Լավրով. Հայաստանից ոչ մի փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ
Հայաստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։
«Ոչ, նման փաստաթուղթ չի ստացվել: Մենք լսում ենք այդ խոսակցությունները, Հայաստանի վարչապետը շատ է խոսել և դատողություններ արել այս թեմայով խորհրդարանում։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում: Համոզված ենք, որ անդամակցությունից առավելագույնս օգտվելը բխում է Հայաստանի անվտանգության շահերից:
Եթե որոշում կայացվի, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված եզրակացություն, դա կլինի Հայաստանի ներկայիս ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները չեն ձեռնարկել և մտադիր չեն ձեռնարկել որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի առաջ դռների փակում»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք ասել ենք՝ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չենք մասնակցում ոչ փաստաթղթի մշակմանը, ոչ քննարկման, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում, մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա։ Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են, թող որոշեն։ Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը։
Այդ թվում այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային, փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար է, եթե չասենք անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ-ում։ Կարծում եմ՝ մենք այդտեղ անդառնալիության կետը, ըստ էության, անցել ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ջաբարովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունները
- Սրանով, Փաշինյանը Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան
- Թասմագամբետովը մեկնաբանել է ՀԱՊԿ հարթակի քննարկումներին Հայաստանի չմասնակցելու փաստը
- ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի միտումնավոր բացակայությունը դրական իմիջ չի ստեղծում նրա համար.Ալեքսանդր Վոլֆովիչ
- Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար