Չարենցի տուն-թանգարանում բացվող «Մաքուր ու մերկ» ցուցադրությունը գրականագետների մոտ դժգոհություն է առաջացրել
Այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կկայանա «Մաքուր ու մերկ» ցուցահանդեսի փակ դիտումը, իսկ դեկտեմբերի 9-ին այն արդեն բաց կլինի հանրության համար։ Այս ցուցադրության մասին հայտարարությունը դրվել է ցուցադրությունն իրականացնող Ժամանակակից արվեստի ինստիտուտի էջում, այնուհետև հանվել է, ինչպես նաև այդ հայտարարության մեջ ներկայացված ցուցադրության կոնցեպտը ««Մաքուր ու մերկ» ցուցահանդեսը անդրադառնում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժամանակին անտիպ, էրոտիկ հատվածին և մեր օրերում ստեղծագործող արվեստագետների մերկության գեղագիտական ընկալումների շուրջ արված աշխատանքներին, որոնք ուսումնասիրում են մարմնի գեղագիտությունը և մերկության ազատականությունը՝ մերօրյա համատեքստում», համացանցում բուռն քննարկման առարկա էր դարձել։
Մասնավորապես, գրականագետ Արա Զարգարյանը գրել է. «Դեմ եմ և դատապարտում եմ, որ այս ցուցադրությունը տեղի ունենա առաջին հերթին Եղիշե Չարենցի տանը և ոչ միայն, քանի որ այսկերպ Չարենցի արվեստը ներկայացվում է սխալ և վտանգավոր կերպով, իսկ բանաստեղծը օգտագործվում է որպես «գործիք»: Չարենցի ինտիմ ստեղծագործությունները ժամանակակից արվեստի հետ համադրող, Չարենցից գաղափարազուրկ մարդիկ տեղեկություն չունեն այդ ստեղծագործությունների վերլուծության, գաղափարական ընկալումների, գեղարվեստական մոտեցումների մասին, կարծում եմ, որ չեն էլ ընթերցել որևէ գիտական հոդվածն դրանց վերաբերյալ»։
Panorama.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նախ ասաց, որ ցուցադրության մասին հայտարարությունը դրվել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի էջում և շթոփմունք է եղել, քանի որ այսօր կլինի փակ դիտում, ինչն ընդունված է շատ թանգարաններում, իսկ հանրության համար կբացվի դեկտեմբերի 9-ին և հենց այդ ժամանակ էլ կտարածվի տեղեկությունը։
Նա հայտնեց, որ ցուցադրությունն իրականացվում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի, ArtNexus-ի, Չարենցի տուն-թանգարանի համատեղ գործակցության արդունքում։ Այն ArtNexus-ի հայտարարած «Փոխկապակցում» մրցույթի մասն է։ Մրցույթի նպատակն է Հայաստանի թանգարանների, համադրողների և արվեստագետների միջև կապերի ստեղծումը՝ համատեղ նախագծերի իրականացման միջոցով։
Ցուցադրության համադրողն է Սիրանուշ Կոստանյան, իր թիմում ընդգրկել է ժամանակակից արվեստագետներ՝ Նարե Պետրոսյան, Գրիգոր Խաչատրյան, Արման Գրիգորյան, Վեհանուշ Թոփչյան, Ալեք Բայանդուրյան-Լևասգանի:
«Այդ հայտարարության մեջ ներառված էր ցուցադրության հայեցակարգը, որն ավելի շատ նեղ մասնագիտական շրջանակների համար է, կոնկրետ արվեստագետների, արվեստաբանների։
Ցուցահանդեսում ներկայացված են ժամանակակից արվեստագետների գործեր՝ վիդեո-արտ, գեղանկարներ, լուսանկարներ։ Զուգահեռ պետք է հնչեն Չարենցի՝ ժամանակին անտիպ գործերից մի քանիսը։ Այսինքն համադրումն է՝ Չարենցի՝ ժամանակին անտիպ գործերի և այսօրվա ժամանակակից արվեստագետների աշխատանքների միջև»,- ասաց Ժ. Մանուկյանը։
Նա նշեց, որ աշխատում են ժամանակակից արվեստագետների հետ, իսկ արվեստագետների մոտ ընկալումները շատ տարբեր են. «Ամեն մեկն իր ընկալումն ունի, հետևաբար այս ծրագրի ընտրությունը կայացել է նրանում, թե ինչպես են ժամանակակից արվեստագետներն ընկալում Չարենցին»։
Մեր դիտարկմանը՝ Չարենցի ներկայությունն այս ցուցահանդեսում այնքանով է, որքանով ընթերցվելու են բանաստեղծի՝ ժամանակին անտիվ ստեղծագործությունները, նա պատասխանեց՝ այո։
Իսկ թե ինչո՞ւ է աղմուկ բարձրացրել միայն ցուցադրության մասին անոնսը հարցին ի պատասխան՝ տուն-թանգարանի տնօրենը նշեց. «Կարծում եմ՝ մասնագիտական կոնցեպտի պատճառով։ Ամեն մի մասնագետ դա յուրովի կարող է ընկալել, հասկանալ։ Արվեստաբանների շրջանակում, իրենց մեկնաբանությունն է, տեսակետն է, դա նորմալ է ընդունվել, գրականագետների մոտ մի փոքր խնդիր է առաջացրել, դժգոհություն, գուցե շփոթմունքի խնդիր է, բայց պետք է հասկանանք, որ արվեստագետներն ազատ են իրենց վերլուծությունների մեջ»։
Նա ընդգծեց, որ այս ցուցահանդեսը չի կարող որևէ կերպ վտանգել Չարենցի հեղինուկությունը, մեծությունը։
«Թանգարանը հնարավորինս ամեն ինչ անում է, անկախ նրանից, որ Չարենցն ունի խնդրահարույց գործեր, դրանց հանրայանցնելուն զգուշությամբ ենք մոտենում»,- ասաց Ժաննա Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան