Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ. Արարատ Միրզոյան
«Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում»,- ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել համաձայնագրի նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն»,- նշել է նա։
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, Արարատ Միրզոյանը ասել է.
«Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։
Այս նպատակով մենք շարունակում ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնում որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան