Եղիշե Կիրակոսյանը չմեկնաբանեց, արդյո՞ք Բաքվի դեմ հայցերի մասով իր ու Փաշինյանի միջև անհամաձայնություն կա
«Չեմ կարող մեկնաբանել վարչապետի ասածը։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի ԱԳՆ-ի հետ խոսեք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ պետք է հետ կանչեն իրենց հայցերը միջազգային ատյաններից:
Անդրադառնալով տեղեկություններին, որ վեճ է եղել իր և Նիկոլ Փաշինյանի միջև, ինքն անհամաձայնություն է հայտնել, որ Հայաստանը հրաժարվի նման հայցերից, Ե. Կիրակոսյանը կրկին չմեկնաբանեց. «Չեմ կարող մեկնաբանել: Ճիշտ չէ իմ մեկնաբանելը։ Իմ անձնական կարծիքը հիմա չեմ կարող ասել»:
Նա նշեց, որ այս պահին Հայաստանի կողմից հայցերը հետ կանչելու միտում չի տեսնում։
Ե. Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից կան հայցեր երկու դատարաններում՝ ՄԻԵԴ-ում և արդարադատության միջազգային դատարանում, ունենք երկու արբիտրաժային գործընթաց։ Այս պահի դրությամբ նոր հայց չկա։
«Գերիների վերադարձի հարցը գիտեք, բարձրացել ենք։ Բայց գերիների վերադարձի հարցն ավելի շատ քաղաքական հարթակներում քննարկվող հարց է, իրավական գործընթացներն ավելի շատ երաշխավորում են այնտեղ պահվող անձանց նկատմամբ իրավական երաշխիքների ապահովումը»,- ասաց Ե. Կիրակոսյանը:
Նրա խոսքով, Արդարադատության միջազգային դատարանն ու Եվրոպական դատարանը համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց անմիջական իրավասությունից դուրս է։
«Դատարանն անկախ մարմին է, որոշում է կայացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա»,- ասաց Ե.Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում