Մշակույթ 15:49 09/12/2024 Հայաստան

Բացառիկ ցուցադրություն՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Դեկտեմբերի 14-ին լրանում է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակը։

Երգչուհու ծննդյան օրը  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Մեծ Ճեմասրահում տեղի կունենա Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված  թանգարանային բացառիկ ցուցադրություն, որը կընդգրկի երգչուհու կյանքն ու ստեղծագործական գործունեությունը ներկայացնող արժեքներ՝ արխիվային լուսանկարներ, նամակներ, ուղերձներ, գրքեր, օպերային և համերգային զգեստները, անձնական իրեր և այլն։

Ցուցանմուշները վերցված են օպերային թատրոնի արխիվից, Գոհար Գասպարյանի անձնական արխիվից, ինչպես նաև   «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»-ի ֆոնդից։

Թանգարանային ցուցադրությանը կհաջորդի Գոհար Գասպարյանի կատարողական ծրագրով, տեսապրոյեկցիոն լուծումներով և երաժշտագիտական մեկնաբանություններով համակցված դասական երաժշտության համերգ։

Համերգին ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (բարիտոն), 
ՀՀ վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայկ Տիգրանյանը (բաս), Աննա Այվազյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Հովհաննես Անդրեասյանը (տենոր), դաշնակահար' Յելենա Վարդազարյանը։

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ.-ին Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետների մոտ:

1940 թ.-ից՝ դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թ.-ին հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրել է հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949 թ.-ի հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան Սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիան»: Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։

Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}